Առաջին հարվածի տակ հայտնիներն են
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանն ու Վաղինակ Շուշանյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրերն էին:
Հարցին՝ արդյոք չե՞ն կարծում, որ հայտնի դերասանները, քաղաքական գործիչները հնարավոր է՝ ձևական էին եկել Բաղրամյան պողոտա, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ չեմ կարող դրա վերաբերյալ ինչ-որ բան ասել, թե ձևական բնույթ է կրում, թե ձևական բնույթ չի կրում: Անձամբ ես լիքը ընկերներ ունեմ այդ հայտնի անձանց մեջ, ովքեր իրականում մինչև այդ էլ՝ այստեղ կենդանի պատ դեռևս չստեղծված որպես այդպիսին, մեր շարքերում էին այն ժամանակ: Եկեք այս պահին կարևորություն չտանք, թե նրանք ձևական էին եկել, թե ձևական չէին եկել: Ուղղակի եկեք հասկանանք, որ այս պահին, եթե նրանք այստեղ կանգնած են և իրենց համարում են կենդանի պատ, դա նաև գիտակցում է ոստիկանությունը և երկրի ղեկավարությունը՝ իրենց դիմաց կանգնած են հայտնի մարդիկ, որոնց վրա, կարծում եմ, ուժ չեն կիրառի»
Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ ասաց. «Ես մի քիչ համաձայն չեմ այդ տեսակ վերաբերմունքին, որովհետև մինչև կենդանի պատի գաղափարը այդ հայտնի մարդիկ կանգնած էին ժողովրդի կողքին՝ բարիկադների մյուս կողմում»: Նա նշեց, որ խնդիրն այնպիսին է, որ ձևականության հարց չկա. «Ինչի իրենք հոսանք չե՞ն օգտագործում: Իրենք էլ են օգտագործում: Բոլորս էլ գիտենք, որ նույն դերասանների ու արվեստագետների աշխատավարձերն ու գումարներն էլ այպիսին չեն, որ իրենք իրենց շռայլություններ թույլ տան: Այսինքն՝ խնդիրը բոլորինն է: Ի սկզբանե մենք մեր հայտարարություններով արել ենք: Հիմա կենդանի պատով առանձնացան այդ մարդիկ, դա չի նշանակում, որ իրենք ժողովրդից են առանձնացել: Այ, եթե հարց տվողն այսօր առավոտյան այստեղ լիներ՝ կտեսներ, որ նույն մարդիկ քաղաքացիների հետ որոշակի զբաղմունք էին կազմակերպում, մաքրություն և այլն: Այսինքն՝ իրենք ամեն հարցում ներգրավված են եղել այստեղ: Այնպես չէ, որ իրենք գալիս են, նստում են և վերջ: Ուղղակի կենդանի պատի գաղափարով առանձնանում են, բայց գլոբալ առումով իրենք նստացույցի գրեթե բոլոր հարցերում մեր քաղաքացիների հետ հավասար ներգրավված են»:
Վաղինակ Շուշանյանն էլ ավելացրեց. «Այդ մարդիկ այս պահին առաջին հարվածն իրենց վրա են վերցրել: Միայն այդքանը բավական է, կապ չունի՝ նրանք ինչի համար են այստեղ, առաջին հարվածի տակ նրանք են»:
Հարցին՝ արդյոք չե՞ն կարծում, որ գործողությունների հստակ ծրագիր է պետք՝ հաղթանակի պտուղները չկորցնելու համար, Վաղինակ Շուշանյանը պատասխանեց, որ Բաղրամյան փողոցում են գտնվում պետական կառավարման երկու գլխավոր կառույցները, և փողոցը «բոլոկադա անելուց մեծ գործողությունը» օրենքի սահմաններից դուրս կարող է լինել: