«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պատասխանում է Հովիկ Աբրահամյանի ելույթին
Հունիսի 25-ի կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով այս օրերին Բաղրամյան պողոտայում ընթացող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերին, ասել է՝ «…Օգտվելով առիթից` ես ուզում եմ դիմել մեր ակտիվիստներին, որ նման ոճը որևէ հաջողության չի բերելու և ես առաջարկում եմ, որ լինեն ավելի կառուցողական, և կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, որը բարձրացվում է իրենց կողմից: Փակելով կենտրոնական փողոցներից մեկը, խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, իմ կարծիքով, սա չի համապատասխանում մեր Սահմանադրությանը և օրենքներին: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին հարգեն մեր գործընկերներին, վերադառնան կառուցողական դաշտ և միասին քննարկենք հարցը, որը հուզում են մեր քաղաքացիներին»:
Ցանկանում ենք հիշեցնել պրն. Աբրահամյանին, որ ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածով արգելվում է լինել խոշոր ձեռնարկատեր և միաժամանակ՝ կառավարության անդամ: Այլոց գործողությունները վարկաբեկելու փորձ անելուց և քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքը լոկ փողոց փակելուն հանգեցնելուց առաջ լավ կլինի, որ նախ սեփական անձի նկատմամբ կիրառի Սահմանադրությունը:
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն