Լուսավոր կետ՝ գաղջ մթնոլորտում
Հայաստանում ստեղծված գաղջ մթնոլորտի պայմաններում կան լուսավոր կետեր՝ երիտասարդները, որ դուրս են եկել պայքարի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Նա թվարկեց 4 համակարգային պրոբլեմներ, որոնք խոչընդոտում են երկրի զարգացմանը: Առաջինը՝ կոռուպցիան է, որը, ըստ Բ.Ասատրյանի, ՀՀ-ում աննախադեպ ծավալների է հասել և ամենուրեք է՝ սկսած քաղաքական իշխանութան ձևավորումից, մինչև կենացաղային մակարդակ, որի հետ ամեն օր առնչվում ենք, հավելած, որ իշխանությունն իր խոստումները չի կատարում:
Երկրորդ՝ ՀՀ-ն խեղդում են մենաշնորհները, որոնք, Բ.Ասատրյանի խոսքով, միայն տնտեսական բնույթի չեն՝ այլ նախ քաղաքական և այլն: Նրա բնորոշմամբ՝ «Ոչ թալանին» շարժումը կարելի է համարել նաև հակակոռուպցիոն շարժում:
Հայաստանը սպանող երրորդ խնդիրը, Բ.Ասատրյանի խոսքով, սոցիալական խայտառակ վիճակն է, յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատ է և սա տարածաշրջանի ամենաբարձր ցուցանիշն է: Օրինակ՝ Ադրբեջանում աղքատությունը 5-6 անգամ ցածր է, քան մեր երկրում, ՀՀ-ում աղքատության շեմը օրական 2.5 դոլարից ցածր եկամուտն է, մինչդեռ Ադրբեջանում կրկնապատիկ ավելի է՝ 5 դոլար է շեմը:
Չորրորդ խնդիրը, ըստ նրա, սոցիալական բևեռացումն է, որը հասարակության մի մեծ հատվածին զրկում է զարգացման, հասարակական կյանքին մասնակցելու որևէ հնարավորությունից:
«Սա մեր իշխանությունների իրականացրած ու չիրականացրած ծրագրերի արդյունքն է, որ բոլորը տապալել են, բայց ոչ մի պատասխանատվություն չի եղել»,- ասաց Բ.Ասատրյանը՝ նշելով, որ ՀՀ քաղաքացիների ընդվզումը պայմանավորված է այս հանգամանքներով: