Ցուցարարների շարքերում կան «ստահակներ», որոնք անընդհատ սադրանքներ են հրահրում
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց, որ երիտասարդների պահանջն արդարացի է, սակայն իրենց շարքերում կան «ստահակներ», որոնք անընդհատ սադրանքներ են հրահրում: «Մեր և իրենց խնդիրը պետք է լինի այդ ստահակներից ազատվելը»,- ասաց նա:
Լրագրողներին ոստիկանություն բերման ենթարկելու և նրանց նկատմամբ բռնություն կիրառելու մասին հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ կան որոշակի բացահայտումներ, և «այնպես ենք անելու, որ մեղաբորները պատժվեն»: Հ. Պողոսյանը նաև նշեց, թե ոստիկանությունը չի ցանկանում բռնություն կիրառել: «Մեր նպատակը սադրիչներին շարքերից հեռացնելն է»,- ասաց նա:
Ինչպես հայտնի է՝ երեկ ակցիայի մասնակից աղջիկներից մեկը փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխից հանել էր գլխարկը: Այս առնչությամբ Հ. Պողոսյանն ասաց, թե պետք էր ոչ թե ուրախանալ այդ արարքից, այլ այնպես անել, որ նրանց նմանները չլինեն ցուցարարների շարքերում: Նրա խոսքով՝ հենց նրանք են սադրիչները: