Ո՞վ է, ի վերջո, ցանկանում, գնել ՀԷՑ-ը. Սամվել Կարապետյա՞նը, թե՞ Արա Աբրահամյանը
Ո՞վ է, ի վերջո, ցանկանում գնել Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ): Կամ վաճառվո՞ւմ է այն արդյոք: Այս հարցն արդեն քանի ամիս շրջանառվում է մամուլում, պաշտոնական մարմինները որևէ կերպ չեն մեկնաբանում այս լուրերը՝ նշելով, որ նման տեղեկատվության չեն տիրապետում: Ընդ որում, որպես հիմնական գնորդ՝ մամուլում նշվում էր ռուսաստանաբնակ մեծահարուստ, «Տաշիր գրուպ» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի անունը:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը վերջերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ևս մեկ անգամ ասել էր, որ իր եղբայրը՝ Սամվել Կարապետյանը, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելու մտադրություն չունի։ Նա նաև մեկնաբանել էր, թե ինչո՞ւ որևէ մեկին ձեռնտու չի լինի գնել այդ ընկերությունը. «Համակարգը ֆիզիկապես ու բարոյապես մաշված է, ուստի պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ներդրումների պորտֆելն այնքան է մեծացել, որ կազմակերպությունն արդեն չի ընկալվում՝ որպես վստահելի գործընկեր՝ երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու համար։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՀԷՑ-ը տարիներ առաջ արդեն իսկ մոտ 200 միլիոն դոլարի վարկ է ստացել շատ բարձր տոկոսադրույքով՝ 12 տոկոսով։ Եվ հիմա ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթևացնի, հակառակ դեպքում՝ դարձյալ վստահելի չի լինի և չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել»,- պարզաբանել էր Կ. Կարապետյանը։
Մինչ այդ էլ Կ. Կարապետյանի գրասենյակը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով. «ՀԷՑ-ի հնարավոր վաճառքի մասին տեղեկություններին տիրապետում ենք բացարձակապես լրատվամիջոցների հրապարակումներից, որոնք առ այսօր չեն անցել «մեր ունեցած հավաստի տվյալներով» ձևակերպման սահմանը: Այնպես որ, ՀԷՑ գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող: Կլինի հայտարարություն այդ կառույցի վաճառքի մասին, այդ դեպքում ցանկացած կազմակերպություն կամ անհատ, այդ թվում՝ գուցե նրանք, ովքեր նման լուրեր են նետում հրապարակ, կարող է ուսումնասիրել՝ հասկանալու՝ որքանով է տնտեսապես ձեռնտու գնել ահռելի պարտքեր ունեցող միավորը, և որոշելու՝ գնե՞լ այն, թե՞ ոչ»:
Այն նաև իր անհանգստությունն էր հայտնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կապակցությամբ. «Թե «Տաշիր գրուպի», թե Կարապետյանների ընտանիքի համար, բնականաբար, անցանկալի է սակագների բարձրացումը, քանզի առանց այդ էլ մեր երկրում առկա է բավական ծանր սոցիալական վիճակ, որն ավելի է բարդանալու էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, առավել ևս՝ այն չափով, որքան ներկայացված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղարկված հայտում»,- նշել էր նա և անդրադարձել ՀԷՑ-ի կուտակված ահռելի պարտքերին և վատ կառավարմանը:
Մամուլում այսօր կրկին տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, թե Սամվել Կարապետյանի և «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի միջև համաձայնություն է կնքվել Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) գնելու կապակցությամբ:
Որոշ աղբյուրներ, սակայն, նշում են, որ «Տաշիր գրուպն» ի սկզբանե ծանոթ լինելով ընկերությունում տիրող իրավիճակին՝ միանշանակ հրաժարվել է այն գնելուց, սակայն փոխարենը՝ գնելու ցանկություն ունեն մոսկովյան մի քանի այլ խոշոր գործարարներ, այդ թվում՝ «Ռուսաստանի հայերի միության նախագահ», խոշոր գործարար Արա Աբրահամյանը, ով վերջերս, ըստ «ԻՏԱՌ ՏԱՍՍ» լրատվական գործակալության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով նշանակվել է ՌԴ նախագահին առընթեր Ազգային քաղաքականության տեղեկատվական ապահովման հանձնաժողովի ղեկավար: Այս հանձնաժողովը պետք է զբաղվի ազգային փոքրամասնությունների շրջանում պետական քաղաքականության արդյունավետության բարձրացմամբ: Պուտինի հրամանով Աբրահամյանն ընդգրկվել է նաև Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբում։ Ըստ որոշ լրատվամիջոցների էլ՝ Արա Աբրահամյանը Վլադիմիր Պուտինի մեկ այլ հրամանագրով նշանակվել էր Ռուսաստանի օրվան, Ազգային միասնության, Ղրիմն ու Սևաստոպոլը՝ Ռուսաստանին միանալու օրվան նվիրված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդամ։