Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը:
ՏՏԶԱԽ նախորդ նիստի հանձնարականների կատարման ընթացքի մասին զեկուցմանը ծանոթանալուց հետո խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:
Համաձայն հաստատված օրակարգի՝ նիստում քննարկվել են ՀՀ տնտեսության տեխնոլոգիահեն նոր հնարավորությունները և ՏՏ ոլորտի կարճաժամկետ ու երկարաժամկետ զարգացման ուղղությունները: Մասնավորապես, արծարծվել են նպատակային դպրոցական և բարձրագույն հետազոտական կրթությանը, մարզերի տեխնոլոգիական զարգացմանը, անդրազգային կորպորացիաների ներգրավմանը, ֆինանսավորման ենթակառուցվածքների զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետը, ամփոփելով կարծիքները, հորդորել է բոլոր առաջարկությունները ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն՝ ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս ռազմավարությունում դրանք ներառելու և այն նոր, հեռանկարային գաղափարներով լրամշակելու նպատակով:
Հաջորդ հարցով խորհրդի անդամներին է ներկայացվել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության կողմից Երևանի Ջրվեժ թաղամասում Ինժեներական քաղաքի կառուցման ծրագիրը, որի իրագործումը կնպաստի ՏՏ բնագավառի նորաստեղծ ընկերությունների քանակական ու որակական աճին: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ժամանակակից ենթակառուցվածքների հիմնում` ճարտարագիտության ոլորտում ներդրումների խթանման և տեղական ու միջազգային շուկայում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով: Վարչապետը ողջունել է Ինժեներական քաղաքի կառուցման գաղափարը և հանձնարարել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկել ծրագրի իրականացման մանրամասները: