«Սա միայն սկզիբն էր, բախումներ դեռևս սպասվում են». Հ.Բալանյան
«Բավականին դաժան ու ագրեսիվ էին, հատուկ ջոկատայիններն ու բերետավորները իրենց ագրեսիվությամբ, թերևս, զիջում էին Մարտի 1-ին, բայց շատ ավելի ագրեսիվ էին, քան դեկտեմբերի 2-ին: Մարդկանց ծեծելով էին տանում, շատ մարդ ծեծեցին: Այդ գործողությունը հատուկ դաժանությամբ իրականացվեց և դա, անկասկած, ի վերուստ էր իջեցված»,- 168.am-ի հետ զրույցում «Հայազն» կուսակցության անդամ Հայկ Բալանյանն այսպես բնորոշեց անցած գիշեր Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգեիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելուն ուղղված ոստիկանության գործողությունները, որ ջրցան մեքենա ու բռնի ուժ կիրառվեցին:
Հ.Բալանյանը, ով անձամբ որպես էլեկտրաէներգիայի սպառող է մասնակցել Բաղրամյանում նստացույցին և բերման էր ենթարկվել, ընդգծեց, որ ոստիկանության աշատակիցներն աչքի ընկան երկու տիպի վարքագծով՝ տարբեր գույնի բերետավորները և թևկապներով քաղաքացիական շորերորվ անձնք շատ ագրեսիվ էին, հայհոյանքով ու ծեծ ու ջարդով են շփվում մարդկանց հետ, և մյուս սովորական, բաժանմունքների ոստիկանները շատ ավելի հանգիստ և մարդկային էին. «ՆԳՆ կազմը, կարծես, երկու մասի են բաժանված՝ սովորական ոստիկաները և ժանդարմերիան, որոնց միջև շատ մեծ տարբերություն կա և՛ սոցիալական, և՛ բարոյահոգեբանական, և՛ գաղափարական առումով»:
Հ.Բալանյանը նշեց, որ Արաբկիրի ոստիկանական բաժանմունքում, ուր տարել էին իրեն, հարցաքննել են որպես վկա և փորձել են պարզել, թե ովքե՞ր են շարժման ղեկավարները, ինչո՞ւ չեն ենթարկվել ոստիկանների պահանջներին, մարդկանց հանգիստն ինչո՞ւ են խանգարել, ո՞վ է ուղղորդել և նման կարգի այլ հարցեր:
Ըստ նրա՝ չնայած բոլոր թերացումներին, շարժումը հաջողվել է ու դրա առաջին ապացույցն այն էր, որ վախեցան նոր հարկային փաթեթն անցկացնել, որով նախատեսվում էր ակցիզ սահմանել սեղմված գազի վրա, ու բարձրացնել բենզինի, դիզվառելիքի, օղու և ծխախոտի ակցիզը՝ բյուջեն լցնելու համար. «Դա հետաձգեցին մինչև աշուն և իրենց գործողությունների դաժանությոնը ես գնահատում եմ մի կողմից՝ որպես վրեժ այդ ծրագիրը տապալելու համար, մյուս կողմից՝ որպես ապահովագրում, որ աշունը մարդիկ վախենան դուրս գալ ու վախենան նոր թանկացումների դեմն առնել: Այդ թանկացումները, հատկապես սեղմված գազի, կարող է ունենալ շատ լուրջ հետևանքներ ՀՀ տնտեսության համար, որովհետև դա սադրելու է մի գնաճ բոլոր ոլորտներում, որը որպես հետևանք մտցնելու է նոր ճշգրտումներ կառավարության դրամավարկային քաղաքականության մեջ:
Դա նշանակում է վերաֆինանսավորման տոկոսի բարձրացում, որպեսզի սղաճը զսպեն, պահուստների տոկոսների բարձրացում, և գործնականում դա կարող է մեր տնտեսությունը գցել շատ ավելի խորն ու երկար մի ստագնացիոն փուլի մեջ, թեև առանց այն էլ ստագնացիայի մեջ: Իշխանությունները, բացի բյուջետային և արտաքին վարկի սպասարկման ու նոր վարկեր ձեռք բերելու նպատակով վարվող քաղաքականությունից, այլ բան չեն իրականացնում: Ուստի, իրենք փորձում են ապահովագրել աշնանային խժդժություններից: Հիմա ամառ է, կա միրգ ու բանջարեղեն, մարդիկ շինարարություն են անում Ռուսաստանում, բայց աշնանը բավականին դժվար կլինի, արտաքին պարտքը պետք է սպասարկվի, որի համար անհրաժեշտ է դրամի նկատմամբ “էժան դոլար”, ամուր դրամ, որը պետք է բնակչությունից հավաքվի այնպես, որ փոխարժեքը չփոխվի: Այսինքն՝ մի խելահեղ քաղաքականություն է վարվում, որն ամբողջ տնտեսական բեռը, հարկային բեռը և արտաքին պարտքի սպասարկման բեռը փորձում է թողնել բնակչության վրա»:
Հ.Բալանյանի կարծիքով՝ նմանօրինակ բախումներ և երևույթներ դեռևս սպասվում են, որովհետև այլընտրանք այս տնտեսական քաղաքականությանը ազգաբնակչությանը չի տրվում: Նա նշեց, որ լինելու են նոր թանկացումներ, որոնք շռնդալից ազդեցություն են թողնելու ամբողջ տնտեսության վրա և բարձրանալու են բոլոր ապրանքների գները.
«Դրա դեմն առնելու համար սա մի, այսպես ասած, ահաբեկող միջոցառում էր: Այդ իսկ պատճառով բոլոր ձերբակալվածները ներգրավված են որպես վկաներ այդ քրեական գործով կամ նրանց կարգավիճակը դեռ որոշված չէ: Եվ այդ մեղադրանքները ձերբակալվածներին դիտարկում են ոչ թե որպես վարչական իրավախախտում, այլ՝ քրեական, ու փորձում են վերահսկել ու վախեցնել մարդկանց, որ նոր ցույցեր ու միջոցառումներ տեղի չունենան»:
Թե ինչպե՞ս կզարգանան իրադարձություններն առաջիկա օրերին, Հ.Բալանյանը նշեց, որ շատ բան կախված է երիտասարդներից: