Փաստաբանները՝ Ոստիկանության գործողությունների մասին. «Ցինիզմի աստիճանը…»
«Հավաքների ազատության մասին» օրենքն ասում է՝ եթե ցույցն արգելված է, բայց խաղաղ է, Ոստիկանությունը ցրելու, խոչընդոտելու իրավունք չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը՝ նշելով, որ Ոստիկանությունը պարտավոր է իր իրավասության սահմաններում աջակցել խաղաղ հավաքին: Նրա խոսքով՝ Ոստիկանությունը չի գործել օրենքի սահմաններում:
Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ առավոտյան ժամը 9:00-ից գնացել է Շենգավիթի ոստիկանություն, ասել, որ Հովհաննես Իշխանյանի փաստաբանն է՝ խնդրելով թույլատրել տեսակցել նրան: Փաստաբանի խոսքով՝ շուրջ մեկ ժամ իրեն ասել են՝ «սպասեք, ճշտում ենք», ապա տեսել է, որ երկու ոստիկան նրան ցանկանում են ինչ-որ տեղ տանել: Իրեն ասել են, որ տանում են փորձաքննության, որոշակի ժամանակ անց միայն իրեն թողել են մտնել:
«Քննիչն ասաց՝ ինքը վկայի կարգավիճակում է: Մինչ այդ իմ վստահորդը գիտեր, թե ինքը խուլիգանության կասկածյալ է գործում, բայց պաշտոնապես կարծես թե ասացին՝ այո, ինքը բերվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով, բայց ինքը հիմա վկա է: Աբսուրդ է, իրավական տեսակետից չի կարող այդպիսի բան լինել»,- ասաց Ռոբերտ Ռևազյանը:
Նրա խոսքով՝ փորձել են հասկանալ՝ քրեակա՞ն, թե՞ վարչական վարույթի ընթացքում է կայացվել փորձաքննության որոշումը, ապա իրենց ասել են, որ, եթե Հովհաննես Իշխանյանը ցուցմունք է տվել, կարող են գնալ, իրենց նորից կանչել են, իրեն ասել, որ դրսում սպասի, իր թևից քաշել են, միջանցքի դռներից դուրս հրավիրել, դուռը փակել իր առջև. «5 րոպե հետո նորից դուռը բացում են, ասում են՝ ի՞նչ էիք ուզում, կարող եք գալ, այդ ինչո՞ւ էիք դուրս եկել: Ցինիզմի աստիճանը… իրենք հրում, դուրս են անում, հետո ասում՝ այդ ինչո՞ւ դուրս եկաք»:
Ապա փաստաբանն իմացել է, որ վստահորդին, իր կամքին հակառակ, փորձաքննության են ենթարկել, բացի այդ՝ որևէ կերպ հիմնավորված չէր այդ փորձաքննությունը: Բացի դա՝ նա 8-9 ժամ զրկված է եղել ազատությունից:
Փաստաբան Գրիշա Գալստանյանը, ով այսօր ներկայացրել է «Հետքի» լրագրող Հրանտ Գալստյանի շահերը, ասաց, որ բախվել է նույն խնդիրներին, Ոստիկանության Մալաթիայի բաժնում իրեն մոտ 1 ժամ թույլ չեն տվել հանդիպել իր վստահորդին՝ պատճառաբանելով, որ քննչական գործողություններ չեն կատարվում, ինչը, ըստ նրա, աբսուրդ է:
«Մեր ոստիկանները դեռ հեռու են իսկական ոստիկան կոչվելուց, որովհետև, եթե ոստիկանը փորձում է իրավունք պաշտպանել՝ մեկ այլ մարդու իրավունք խախտելով, ապա ես չեմ կարող ասել, որ այդ ոստիկանը փոխվել է»,- ասաց Գրիշա Բալասանյանը:
News.am լրատվական գործակալության լրագրող Աիդա Հովհաննիսյանն էլ ասաց, որ բռնության չի ենթարկվել, իրեն բերման չեն ենթարկել, մինչև Ազատության հրապարակ անարգել կատարել է իր լրագրողական գործունեությունը, որտեղ իր հասնելուց հետո միայն ոստիկանական ուժեր և քաղաքացիական հագուստով տղամարդիկ են եղել: Նրա խոսքով՝ այդ ընթացքում, երբ փորձել է նկարահանումներ կատարել, քաղաքացիական հագուստով մի տղամարդ, ում նախկինում տեսել է ոստիկանական համազգեստով, մոտեցել է, ձեռքի ուժով խլել տեսախցիկը, որով ինքը նկարահանումներ է արել:
«Մինչ այդ մեր լուսանկարչին՝ Արսեն Սարգսյանին, հենց Բաղրամյան պողոտայում, երբ ինքը ցույց էր տվել լրագրողի իր վկայականը, գլխին հարվածելով և հայհոյելով՝ մտցրել էին ոստիկանական մեքենա և բերման ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ 1-1.5 ժամ պահելուց հետո ազատ էին արձակել»: