«Ես, իրոք, այս գիշեր աբսուրդի մեջ էի». լրագրողները պատմում են, թե ինչ է տեղի ունեցել լուսաբացին

«Ես, իրոք, այս գիշեր աբսուրդի մեջ էի: Ես չէի հասկանում՝ որտեղ է սկսվում օրենքը, վերջանում օրենքը, որովհետև բռնություններ էին օրենքով: Եվ մենք, որ այնտեղ մեր գործն էինք անում, դա օրենքով չէր»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանը, ով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի ցրման ընթացքում բերման է ենթարկվել:

«Հետք»-ի լրագրող Հրանտ Գալստյանը պատմեց, որ սկզբում ծավալել է իր մասնագիտական գործունեությունը, այնտեղ եղած ժամանակ հանդես է եկել որպես լրագրող՝ թեև որոշ պահից իր համար սահմանել է, որ ինքը մասնակցում է ակցիային՝ որպես քաղաքացի: Նա նշեց, որ բերման ենթարկվելուց հետո չի ներկայացել որպես լրագրող.

«Դրա կարիքը չկար, չներկայացա, որովհետև այդ պահին ես մասնագիական գործունեություն չէի ծավալում՝ թեև ես գիտեմ, ինչպես իմ գործընկերներն են ասել, այնպես էլ ես բաժանմունքում հանդիպած ակտիվիստներից և երթի մասնակիցներից լսեցի, որ լրագրողների հանդեպ որևէ այլ վերաբերմունք չի ցուցաբերվել, այսինքն՝ մասնագիտությունը հավաստող բեյջերը հիմք չեն հանդիսացել, որպեսզի նրանց այլ վերաբերմունք ցույց տային, քան ցույցի մասնակիցներին»:

Հրանտ Գալստյանի խոսքով՝ մեքենայում, որով իրեն տեղափոխել են Մալաթիայի ոստիկանության բաժանմունք, եղել են ևս երկու լրագրողներ՝ ԳԱԼԱ-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանն ու «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Մկրտիչ Կարապետյանը: Նա պատմեց, որ լսել է, որ տղաները շարունակ ասել են, որ լրագրողներ են, որ իրենց բռնությամբ են բերման ենթարկել, կարծես թե փորձել են խլել տղաներից մեկի նկարահանող սարքը:

«Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանն ասաց, որ մոտ 5:30-ի սահմաններում նկատել է, որ երկու կողմերից քաղաքացիական հագուստով անձինք են մոտենում, նկատել է, որ նրանք հրել են մեկին, մոտ 20 հոգով նրան սկսել հարվածել, տարել, խցկել մեքենան, ինքը նկարահանել է այդ ամենը, և կարծես դա անողը նկատել է:

Անի Հովհաննիսյանը պատմեց, որ Ազատության հրապարակում էլ նկատել են, որ համազգեստով ոստիկանները ծեծի են ենթարկում այնտեղ հասած ակտիվիսներին, հայհոյել ու ստորացրել են նրանց: Նրա խոսքով՝ քիչ անց նկատել է քաղաքացիական հագուստով անձի, ով «կատաղած ցլի հայացքով» վազել է իրենց կողմը, կենտրոնացել է իրենց հետ եղած տղայի վրա, իրենք փախել են, նա եկել է իրենց հետևից, ապա կանգնել, որպեսզի տեսնեն, թե ինչ է նա ցանկանում:

Լրագրողի խոսքով՝ նա ցանկացել է հարվածել իր հետ եղած տղամարդուն, ասել է, որ իրենց տանելու են, ինչին նա պատասխանել է. «Դուք փախնում էիք, ուրեմն մի բան արել եք»: Նա պատմեց, որ իրենց նստեցրել են մեքենան, որտեղ ինքն այլ լրագրողների էլ է տեսել: Ոստիկանության Կենտրոնի բաժնից, ըստ լրագրողի, իրենց տեղափոխել են Շահումյանի բաժին, որտեղ երեք լրագրող են եղել. «1in.am-ի տղան, երբ հանել էր բեյջը, ցույց էր տվել, վերցրել, ճղել, գցել էին, իրեն բերման էին ենթարկել, «Արմենիայի» լրագրողը կորցրել էր իրենց տեսախցիկը»:

Տեսանյութեր

Լրահոս