Պահանջում են անհապաղ ազատ արձակել հավաքի մասնակից բոլոր բերման ենթարկված անձանց
«Ս.թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան փողոցում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ տեղի ունեցող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված խաղաղ հավաքը ՀՀ ոստիկանության կողմից վաղ առավոտյան դադարեցնելու արդյունքում ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերվել է 230-ից ավելի անձ: Հավաքը դադարեցնելու, մասնակիցներին բերման ենթարկելու և դրան հաջորդող գործընթացներն ուղեկցվել են մի շարք խախտումներով: Ցուցարարների ազատությունը սահմանափակվել է օրենքով նախատեսված 3 ժամից ավելին՝ առանց դատավարական կարգավիճակ սահմանելու:
Բերման ենթարկված անձանց մեծ մասը չի կարողանում օգտվել փաստաբանի ծառայություններից ոստիկանության կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով: Ավելին, այն անձինք, ում տրվել է վկայի կարգավիճակ, հարցաքննվելուց հետո բաց չեն թողնվել. նրանց ժամեր շարունակ փաստացի զրկել են ազատությունից՝ թմրամիջոցի կամ ալկոհոլի օգտագործման փաստը ստուգելու պատրվակով:
Բերման ենթարկվածներից մի մասի գտնվելու վայրը հարազատների համար անհայտ է: Ոստիկանությունը նաև խոչընդոտել է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը և ուժ է կիրառել հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ։
«Ոստիկանությունը դեռ պետք է ապացուցի, որ խաղաղ հավաքի անցկացմանը միջամտելը եղել է համաչափ և անհրաժեշտ,- ասում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը,- իսկ այս պահին պարզ է, որ ցուցարարներին ոստիկանության բաժիններում պահում են անհիմն և օրենքի խախտումներով՝ նպատակ ունենալով ճնշել և նվաստացնել բողոքողներին»:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում է ՀՀ իշխանություններից.
- անհապաղ ազատ արձակել հավաքի մասնակից բոլոր բերման ենթարկված անձանց,
- ապահովել ոստիկանության գործողությունների անաչառ և թափանցիկ քննություն:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ