IDeA և ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամները Դիլիջանում և Տաթևում կաջակցեն ՓՄՁ-ների զարգացմանը
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) եւ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամների միջեւ այսօր փոխըմբռնման եւ համագործակցության մասին հուշագիր ստորագրվեց, որի նպատակը Տաթեւում եւ Դիլիջանում, ինչպես նաեւ հարակից համայնքներում ձեռնարկատիրության խթանմանն աջակցությունն է:
Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում մասնավորապես համագործակցել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» ծրագրի շրջանակում, ինչը վերոնշյալ տարածաշրջաններում փոքր ձեռնարկատիրության զարգացման համար համապարփակ աջակցություն է նախատեսում:
Փաստաթուղթն ստորագրեցին IDeA-ի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը եւ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը։
«IDeA հիմնադրամը թե՛ Տաթեւում, թե՛ Դիլիջանում զարգացման ծրագրեր է իրականացնում, եւ դրանց շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներին։ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը եւ դրա շրջանակում «Տաթեւեր» ճոպանուղու կառուցումը նկատելի աշխուժացրեցին այդ տարածշրջանում զբոսաշրջային հոսքերը։ Ներկայումս մենք փորձում ենք աջակցել համայնքերում B&B դասի հյուրատների զարգացմանը, եւ ուրախ ենք այս գործում համագործակցել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ: Պետք է նկատել, որ տեղի ձեռներեցների համար կարեւոր են ոչ միայն վարկային միջոցների ստացումը, այլեւ մասնագիտական խորհրդատվությունը՝ հետագա գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար, եւ հենց այդ հարցում էլ մենք կփորձենք օգտակար լինել նրանց: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը էական արդյունքներ կարձանագրի եւ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տեղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանը»,- նշեց Արմեն Գեւորգյանը։
ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը նույնպես կերեւոր համարեց փաստաթղթի ստորագրումը. «Տաթեւը և Դիլիջանը, որպես Հայաստանի զբոսաշրջային ամենաթեժ կետեր, ունեն նոր ենթակառուցվածքների, նոր հյուրատների և զբոսաշրջիկների սպասարկման այլ բիզնեսների կարիք: Դա են ցույց տվել Տավուշում և Սյունիքում մեր իրականացրած ուսումնասիրությունները: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, պետական աջակցության ծրագրերի շրջանակում և միջազգային գործընկերների հետ համատեղ, արդեն աջակցություն է ցուցաբերում նշված տարածաշրջանների սկսնակ գործարարներին, հատկապես՝ նրանց, ովքեր ցանկացել են հիմնել նոր հյուրատուն կամ զարգացնել արդեն ունեցածը, ինչը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման առաջնայնություններին, այն է՝ ՓՄՁ ոլորտի զարգացումը մարզերում: Հատուկ շեշտելով IDeA-ի անուրանալի ներդրումը Տաթևի և Դիլիջանի զարգացման գործում, մեզ համար նույնպես կարևոր է միավորել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ դրանցից սպասվող արդյունքը կրկնապատկելու ակնկալիքով»,- ասաց նա:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի հանրային կապերի բաժին