«Հիմնավորումն ուղղակի սպանում է». Վիգեն Սարգսյան
ՀՀ կառավարության նիստում այսօր քննարկվում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագիծը, որ վերաբերում էր «Դասընթացավարների վերապատրաստում. Գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրին:
ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց ծրագրի նախահաշիվը: Նրան արձագանքեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով իր զարմանքը հայտնեց, որ նորից ետ են վերադառնում այն քննարկմանը, որը եղել է.
«Խոսքը կանանց և տղամարդկանց հավասարություն հասկացությունը գենդեր հասկացությամբ փոխարինելու այս անընդհատ ջանքն է ու փորձը: Մենք սա անցել ենք, անցել ենք օրենսդրական դաշտում օրենքի քննարկման ժամանակ, հետո ենթաօրենսդրական ակտերում: Հիմա նորից ենք գալիս: Ընդ որում, հիմնավորումն ուղղակի սպանում է, որտեղ գրված է, պարզվում է, որ երիտասարդության շրջանում կա գենդեր հասկացության սխալ կամ թերի մեկնաբանություն, և դա պետք է ուղղել: Գենդեր հասկացության հիմնավորումը կա բոլոր բառարաններում՝ դա սեռի սոցիալական ընկալման ձեռքբերովի հատկանիշն է, ոչ թե տղամարդկանց և կանանց հավասարությունը»,- ասաց նա՝ հարց հնչեցնելով, թե ինչու ենք նորից վերադառնում մի տերմինի, որը հասարակության մեջ այդքան վատ է ընդունվում:
Սերգեյ Մանասարյանն ասաց, որ երեկ քննարկումների եղել են, ասել են, որ առաջարկությունը կհնչի կառավարության նիստի ընթացքում, խմբագրական փոփոխության հետ կապված որևէ խնդիր չունեն:
«Բա ինչո՞ւ կառավարության նիստի ժամանակ հնչեցրիր, այ դա չեմ հասկանում: Ի՞նչ: Հաճո՞ւյք եք ստանում դրանից»,- արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: