ՖՆ պարզաբանումը՝ «Հրապարակ» օրաթերթի «Պետությունը «շահող կտրոնով» խաբում է ժողովրդին» հրապարակման վերաբերյալ
«Հրապարակ» օրաթերթի «Պետությունը «շահող կտրոնով» խաբում է ժողովրդին» հրապարակման առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 30.10.2008թ. N1330-Ն և 01.08.2013թ. N891-Ն որոշումներով են հաստատված հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգերը:
ՀՀ կառավարության 30.10.2008թ. N1330-Ն որոշմամբ սահմանված է դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոններով, իսկ ՀՀ կառավարության 01.08.2013թ. N891-Ն որոշմամբ՝ դիմերեսին վիճակահանությանը մասնակցող թվեր պարունակող ՀԴՄ կտրոններով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգերը:
Օրաթերթում հրապարակված նյութը վերաբերում է բազմաֆունկցիոնալ, նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված դիմերեսին վիճակահանությանը մասնակցող թվեր պարունակող ՀԴՄ կտրոններին, հետևաբար, ի գիտություն «Հրապարակ» օրաթերթի մեր գործընկերների, ներկայացնում ենք այդ կտրոնների շահման կարգը:
Նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրվող կտրոնների դիմերեսին՝ «ֆիսկալ համար» գրառման դիմաց տպագրվում են վիճակահանությանը մասնակցող թվերը, իսկ վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերը տպագրվում են «վիճակահան. համար» գրառման դիմաց: «Ֆիսկալ համար» գրառման դիմաց նշված թվերը համեմատվում են դրանից վերև տպագրված «վիճակահան. համար» գրառման դիմաց նշված թվերի հետ:
Վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերը հայտնի են դառնում յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը տեղի ունեցող վիճակահանության արդյունքում, որոնք տեղադրվում եմ հայտնի դառնալուն հաջորդող ամբողջ ամսվա ընթացքում տպագրվող և տրամադրվող բոլոր կտրոնների վրա: Եվս մեկ անգամ շեշտում ենք` վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թիվը պետք է միևնույն թիվը լինի ամսվա ընթացքում տրամադրվող բոլոր կտրոնների վրա՝ այն ուղղակի չի կարող տարբեր լինել, քանի որ այդ թվի հետ պետք է համեմատել վիճակահանությանը մասնակցող թվերը:
Այս տեսակի ՀԴՄ կտրոնների շահելու մասին տեղեկատվությունը նաև տպագրված է լինում տրամադրված ՀԴՄ կտրոնների ժապավենի վերջնամասում, ապրանքացանկից հետո՝ «ԴՈՒՔ ՇԱՀԵԼ ԵՔ», «ԿՏՐՈՆԸ ՇԱՀԵԼ Է» կամ «ԿՏՐՈՆԸ ՉԻ ՇԱՀԵԼ» գրառումների տեսքով:
Այս ՀԴՄ կտրոններով պարգևավճարները տրամադրվում են հետևյալ կարգով` վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին առաջին նիշից սկսած ձախից աջ վիճակահանությանը մասնակցող թվերի համապատասխան 8 կամ 7 հաջորդական նիշերի համընկմամբ յուրաքանչյուր կտրոնի համար տրամադրվում է մեկական ավտոմեքենա, իսկ առաջին նիշից սկսած ձախից աջ 5 և 6 հաջորդական նիշերի համընկմամբ յուրաքանչյուր կտրոնի համար տրամադրվում է մեկական այլ գույք կամ իրավունք, դրանց առկայության դեպքում:
ՀՀ ֆինանսների նախարարություն