Թբիլիսիում ջրհեղեղից տուժածներին օգնելու նպատակով նվիրաբերվել է մոտ 2 մլն դոլար
Ավելի քան 4,2 մլն լարի (1,8 մլն դոլար) է նվիրաբերվել Թբիլիսիում հունիսի 14-ին տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին օգնելու նպատակով բացված հաշվեհամարներին, հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին արտակարգ շտաբի նիստում:
«Տվյալ պահին պետական գանձարանի ու կոմերցիոն բանկերի հաշվեհամարներին մոբիլիզացվել է ավելի քան 4,2 մն լարի: Դա միայն նվիրատվություն է, ընդ որում՝ ֆիզիկական անձնանց նվիրատվությունները կազմել են 1,7 մլն լարի, 31 հազար դոլար ու 1000 եվրո»,-ասել է Խադուրին:
«Պետբյուջեից կառավարության հրամանագրով հատկացվել է 10 մլն լարի, որոնք փոխանցվել են Թբիլիսիի քաղաքապետարանին: Դա կատարվել է կիրակի»,-հայտարարել է նա:
Վրացի նախարարը նաև հայտնել է, որ Վրաստանի նախագահի պահուստային հիմնադրամից հատկացվել է 200 հազար լարի, կառավարության պահուստային հիմնադրամից արդեն հատկացվել է 150 հազար լարի՝ զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
«Բոլոր ընտանիքները կստանան այդ օգնությունը վաղը անմիջապես այն բանից հետո, երբ տեղի ինքնակառավարման մարմիններից ստանանք նրանց կոորդինատները»,-հայտարարել է Խադուրին: