Արմեն Մուրադյանը ուռուցքաբանության կենտրոնում հիվանդի է վիրահատել
ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացավ կենտրոնում իրականացվող բարեփոխումներին:
Մասնավորապես` վերանորոգվել և այցելուներին նորովի է ներկայանում առաջին հարկում տեղակայված ընդունարանը, որտեղ կատարվում է հիվանդների հերթագրումը:
Ընդարձակ սրահներում էլեկտրոնային եղանակով կատարվում է հերթագրում, ամբուլատոր քարտերի բացում, ձևակերպվում է հիվանդության պատմագիրը:
Այս նորարարությունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի խոսքով, հնարավորություն է տալիս խուսափելու հերթերի գոյացումից, ինչը դժգոհություն էր առաջացնում հիվանդների շրջանում:
Օրական այստեղ սպասարկվում է ավելի քան 200 այցելու:
Բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև հիվանդանոցի հարակից տարածքում, վերանորոգվել է աստիճանավանդակը:
Արմեն Մուրադյանը գոհունակություն հայտնեց նկատելի դրական տեղաշարժից, ինչպես նաև տվեց հանձնարարականներ հատկապես առանձին բաժանմունքներում դեռևս շարունակվող հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ:
ՀՀ առողջապահության նախարարը հանդիպեց բուժանձնակազմին, զրուցեց հիվանդների հետ, լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկները:
Նա շրջեց նաև ճառագայթային բուժման բաժանմունքում, ծանոթացավ սարքավորումների հնարավորություններին: Հետաքրքրվեց մատուցվող ծառայությունների ծավալներով:
Ուռուցքաբանության կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկի, ինչպես նաև Ուրոլոգիական բաժանմունքի և ամբիոնի աշխատակիցների խնդրանքով Արմեն Մուրադյանը վիրահատեց հիվանդին` հաշվի առնելով վիրահատության բարդությունը:
Ներմիզուկային մասնատման վիրահատությունն անցավ բարեհաջող: Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար: