Իլհամ Ալիևի՝ 25 մլն դոլար արժողությամբ Լոնդոնում գտնվող շքեղ առանձնատունը
«Կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան» լուսաբանող ծրագրի կայքում բացված ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային նվիրված նախագիծը, որտեղ Միացյալ Նահանգներից և Եվրոպայից կամավորները միավորվել են Թուրքիայում և Կովկասում աշխատող թիմերի հետ ուսումնասիրություններ և հոդվածներ պատրաստելու համար, ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող 10.500 քառակուսի մետր տարածքով առանձնատունը, որը գտնվում է Լոնդոնում և արժե ավելի քան 25 մլն դոլար:
Առանձնատունը գտնվում է Լոնդոնի հին և հարուստ թաղամասում՝ Համփսթեդ նրբանցքում: occrp.org-ը նշում է, որ Լոնդոնի անշարժ գույքի շուկայում, որտեղ անշարժ գույքի գները միայն 2013 և 2014 թվականներին մոտ 26 տոկոսով աճել են, այս առանձնատները ֆանտաստիկ ներդրումներ են գերհարուստների համար:
Առանձնատունը գնվել է 1998 թվականին, երբ Ալիևն Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի փոխնախագահն էր: Այն պատկանում է Beckforth Services Limited-ին, որն իր հերթին պատկանում է Ալիևներին և գրանցված է օֆշորային գոտի հանդիսացող Մեն կղզում:
occrp.org-ը հարց է հնչեցնում. եթե այսօր Ալիևի աշխատավարձը տարեկան մոտ 230.000 դոլար է, ապա նա ինչպե՞ս կարող էր իրեն թույլ տալ նման մեծ տուն գնել, այն էլ՝ Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում: Ալիևը, սակայն, կարող է ասել, որ Լոնդոնի այս առանձնատունն իրեն չի պատկանում, քանի որ, ըստ Beckforth Services Limited ընկերության փաստաթղթերի՝ նա և իր կինը՝ Մեհրիբանը, 2010 թվականին իրենց բաժնետոմսերը փոխանցել են իրենց ավագ դստերը՝ Լեյլա Ալիևային, ով այժմ միակ բաժնետերն է: Ի դեպ, ըստ occrp.org-ի՝ Ալիևները SOCAR-ի հասցեն օգտագործել են որպես անձնական հասցե:
Ի դեպ, Ալիևների առանձնատան մոտակայքում է գտնվում «Արսենալ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերից մեկի՝ Ալիշեր Ուսմանովի տունը, որը նա գնել է 2008թ.՝ 76 միլիոն դոլար արժողությամբ:
Ալիևների տան իրական արժեքը հայտնի չէ, սակայն նրանց հարևանությամբ գտնվող տունը երկու տարի առաջ արժեր 26 միլիոն դոլար:
Ալիևների առանձնատան դիզայնի և ճարտարապետական լուծումների հեղինակը SHH ճարտարապետական ընկերությունն է, որի հաճախորդների թվում են Սաուդյան Արաբիայից մեծահարուստ մի ընտանիք և նորաձևության դիզայներ Թոմ Ֆորդը: