Բաժիններ՝

«Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)»-ը` Տորոնտոյի «Հոթ Դոկս» վավերագրական ֆիլմերի փառատոնի մրցանակակիր

Սոնա և Մարինե Քոչարյանների «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» How to cross (from Jiliz to Jiliz) 15 րոպե տևողությամբ վավերագրական տեսաֆիլմն օրեր առաջ մասնակցել է Տորոնտոյի «Հոթ Դոկս» (HotDocs) վավերագրական ֆիլմերի փառատոնին և արժանացել ժյուրիի հատուկ խրախուսանք-մրցանակին:

Ֆիլմի հերոսը փոքրիկ Լուսինեն է, ով ապրում է Հայաստանի Ջիլիզա գյուղում՝ Հայաստան-Վրաստան սահմանին: Տեղի բնակիչների համար սահմանը մի փոքրիկ վտակ է, որը բաժանում է իրենց գյուղը հարևան Չանախչի գյուղից՝ վրացական կողմում: Այս երկու գյուղերի միջև հեռավորությունը 1 կմ է, մինչդեռ հարազատներին հանդիպելու համար մարդիկ ստիպված են անցնել 100 կմ:

Լուսինեն փորձում է հասկանալ իրավիճակի անհեթեթությունը: Սահմանը մեծ անհանգստություն է պատճառում իրեն, իր ընտանիքին ու մյուս գյուղացիներին: Տատիկին, պապիկին և մյուս հարազատներին վերջին անգամ Լուսինեն տեսել է մոտ 6 տարի առաջ: Երազանքն իրականացնելու պահը մոտ է. նա անհամբեր սպասում է ճամփորդությանը, որի ընթացքում կբացահայտի իրականությունը՝ 1 կմ հեռու, 100 կմ մոտիկ:

168.am-ի հետ զրույցում ֆիլմի համահեղինակներից Մարինե Քոչարյանը պատմեց, որ իրականում ֆիլմը ՍԱՀՄԱՆՆԵՐԻ մասին է, բառի բոլոր իմաստներով. ««Հոթ Դոկս» (HotDocs) վավերագրական ֆիլմերի փառատոնում «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմը հաղթահարել է նախընտրական փուլը՝ 200 հայտատուներից անցնելով 12 լավագույների ցուցակում, իսկ մրցանակը մեզ համար մեծ ձեռքբերում է, որովհետև սա ոլորտի առաջատարից է: Այս պահին ֆիլմը շարունակում է իր փառատոնային ճամփորդությունը, արդեն 4-5 փառատոներից հրավեր ունենք, որոնք, ի դեպ, ևս պակաս կարևոր և հեղինակավոր չեն»:

«Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» How to cross (from Jiliz to Jiliz) վավերագրական տեսաֆիլմը Հայաստանում մասնակցել է ԱՄՆ դեսպանատան և «ԹՈՒՄՈ» կենտրոնի «Երիտասարդ վավերագրողներ» աշխատարան-մրցույթին, արժանացել է առաջին մրցանակին:

Ֆիլմի թրեյլերը՝ ստորև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս