Աննա Մելիքյանը 26-րդ «Կինոտավրի» գլխավոր մրցանակակիրն է
Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Սոչիում 26-րդ «Կինոտավր» բաց ռուսական փառատոնի փակմանը գլխավոր մրցանակը շնորհվել է հայազգի կինոռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմին:
«Ֆիլմերը տարբեր էին, այս տարի շատ հետաքրքիր ծրագիր էր: Իսկ եթե կգտնվեն այնպիսիք, որ կմտածեն, թե մենք ճիշտ չենք վարվել, ապա ողջ պատասխանատվությունը ես եմ ստանձնում»,- ասել է մրցույթի ժյուրիի նախագահ, ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը: Մելիքյանի ֆիլմում նկարահանվել են Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդրա Բորտիվը և ուրիշ դերասաններ:
«Ինձ համար սա շատ կարևոր մրցանակ է, որովհետև ես առաջին անգամ և միանգամայն գիտակցաբար այս ֆիլմն արել եմ հանդիսատեսի և լայն կինովարձույթի համար»,- մրցանակը ստանալիս ասել է Աննա Մելիքյանը:
«Սիրո մասին» ֆիլմը մի քանի նովելների ժողովածու է, որոնց միավորում է սիրո թեման: Լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգում մրցանակը շնորհվել է Ալեքսեյ Ֆեդորչենկոյին՝ «Հեղափոխության հրեշտակները» ֆիլմի համար: Այն պատմում է մի խումբ ավանգարդիստ նկարիչների մասին, որոնք 1930-ական թվականներին խորհրդային իշխանության հանձնարարությամբ մեկնում են լուսավորելու Հյուսիսի բնիկ ժողովուրդներին: