«Սա իշխանությունների ծրագրավորած քաղաքականությունն է». Գառնիկ Իսագուլյանը՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնության պայքարի մասին
«Ես շատ ներողություն եմ խնդրում բոլոր այն կազմակերպիչներից, որոնք միշտ նման ժամանակներում նման նախաձեռնություններով են հանդես գալիս, բայց, ըստ էության, ես կարծում եմ, որ սա իշխանությունների ծրագրավորած քաղաքականությունն է՝ գոլորշին բաց թողնելու առումով»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության պայքարի մասին՝ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Ըստ նրա՝ ամեն օր առաջնային օգտագործման շատ ապրանքներ են թանկանում, բայց ոչ ոք չի նկատում այդ թանկացումները. «Ես սկզբից էլ վստահ էի, որ չեն ուզում 17 դրամ թանկացնել, իրենք արդեն որոշել էին, որ 7 դրամ է լինելու, հարկավոր էր մի թիվ ասել, կսկսվեր պայքար, և ինչ-որ մարդիկ այդ պայքարի մեջ գոնե մասնակի հաղթանակ կտանեին, և այդ գոլորշին բաց կթողնվեր, ճնշումները կնվազեին: Ինչի՞ կհասնեն, չգիտեմ, կարծում եմ՝ կհայտնվի մեկը, որը կհաղթի, հեղինակությունը կբարձրանա, որպեսզի մեկ այլ խնդրում ինքը համարժեք ծառայություն մատուցի նրանց, ովքեր այս ամբողջ խաղը կազմակերպում են: Իհարկե, ես ուրախ կլինեմ աջակցելու, օժանդակելու, եթե այս պայքարի նպատակն այն է, որ մենք բոլոր բնագավառներում կարողանանք որոշակի հաջողություններ արձանագրել և ստիպել իշխանություններին, որպեսզի այս ոճը, ձևը փոխեն»:
Հարցին՝ մասնակցելո՞ւ եք հունիսի 19-ին «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային, Գ. Իսագուլյանը պատասխանեց, որ ինքը մասնակցում է բոլոր այն միջոցառումներին, որտեղ անպայման հասարակություն է հավաքվում. «Մասնակցում եմ, իհարկե, դիտորդի կարգավիճակով, որովհետև ես կարծում եմ, որ ընդհանրական փոփոխություններ են պետք, մասնակի հաղթանակներով մենք ուղղակի սպառում ենք մեր ամբողջ էներգիան, որը հետագայում պետք է կարողանալ ճիշտ օգտագործել»: