Ամեն ինչ ու ոչինչ՝ Բիբինի մասին
Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ լսումները երեկ կարծես ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի արիության ստուգատես լինեին: Բայց այդ ստուգատեսը տապալվեց՝ գլխավոր մեղավորի բացակայության պատճառով: Բիբինը գերադասել էր չներկայանալ ԱԺ՝ այդպիսով ազատվելով գլխացավանքից:
Մինչդեռ Բիբինի բացակայությունն արժանացավ պատգամավորների խիստ քննադատությանը: «Սա արհամարհանք և լկտի վերաբերմունք է ՀՀ օրենսդիր մարմնի հասցեին»,- ասում էին թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական պատգամավորները: Լսումների կազմակերպիչ, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ 3 անգամ դիմել է Բիբինին, բայց ստացել է մերժում: «Հաշվի առնելով, որ հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է հիմնավորումները, պատրաստել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար որոշման նախագիծը, հետևաբար՝ ընկերության մասնակցությունը լսումներին գտնում եմ ոչ արդյունավետ»,- պատասխանել է Բիբինը:
«Ինքը կազմակերպություն է, որ իրականացնում է մոնոպոլ ծառայություն, ես չեմ գտնում, որ Բիբինն էդքան բոբո ա, որ մենք չենք կարողանում իրա խնդիրը լուծել,- ասաց Վ.Այվազյանն ու հավելեց,- Ինքը տնտեսվարող է, Աստված իր հետ, նման վերաբերմունքի դեպքում մենք էլ կունենանք համանման վերաբերմունք, անկախ նրանից՝ էդ կազմակերպության ծագումնաբանությունը որտեղից է»: Նշելով, որ շոուի կողմնակից չէ, պրագմատիկ է, Վ.Այվազյանը հայտարարեց, թե Բիբինը չէ մեր խնդիրը.
«Բիբինը էդ ո՞վ դառավ: Մարդ է, տնտեսվարող է, չի ուզում մասնակցի խորհրդակցություններին: Մենաշնորհն էլ կարգավորվում էգ Դուք ինձնից ավելի լավ քաջատեղյակ չեք, ես էլ պլաստիլին չեմ, տենց հեշտ կոտրվող չեմ»:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը չթաքցրեց իր վիրավորանքը Բիբինից, ով ստեղծված իրավիճակում սեփական թերացումների կամ ընկերությունում վատ մենեջմենթի խնդիր չի ուզում տեսնել: Որպեսզի իր ասածները մերկապարանոց չհնչեն, Նազարյանը նշեց մի քանի հանգամանք:
Վատ մենեջմենթի հետ կապված` նա ասաց, որ ՀԷՑ-ը 2007-2015 թթ. կատարել է 102 մլրդ դրամի ներդրումներ` հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիա մատակարարելու, ծառայությունների որակը բարելավելու, վթարային անջատումների հետ կապված ժամկետները կրճատելու համար, և այլն, սակայն այդ ներդրումներից մոտ 22 մլրդ դրամը չի ընդունվել ՀԾԿՀ-ի կողմից, որովհետև կատարված գնումներն ավելի բարձր գներով են հաշվարկել, նաև ակնկալվող արդյունքները չեն արձանագրվել: Ռ.Նազարյանը նշեց, որ մինչև հիմա կորուստները միջինը 1.5%-ից ավելի բարձր են, քան սակագնում ներառվածը: Աշխատավարձի գծով, ըստ նրա, 2007-2015թթ. ՀԷՑ-ի ծախսը 6 մլրդ դրամով գերազանցել է սակագնով նախատեսված ցուցանիշը:
Ընդ որում, ՀԾԿՀ-ն պահանջել է ՀԷՑ-ի հաստիքացուցակը, որպեսզի տեսնեն, թե ով որքան աշխատավարձ է ստանում, բայց չեն տրամադրել՝ պատճառաբանելով, թե դա անձնական գաղտնիք է:
Ռ.Նազարյանի խոսքով` այսօր ՀԷՑ-ն ունի շուրջ 109 մլրդ դրամի ֆինանսական պարտավորություններ, բայց օբյեկտիվ պատճառներով` սակավաջրություն, ԱԷԿ-ի աշխատանքի երկարաժամկետ դադար և այլն, վնասը միայն 37 մլրդ դրամ է. «Կլիներ միայն 37 մլրդ-ը, այլ խնդիր չէինք ունենա: Բայց սրա մասին չեն խոսում: Սա աննորմալ երևույթ է: Հատուկ հաշիվների կարգն են խախտել` խախտելով մեր իրավական ակտերը: Սկսեցին բարձր տոկոսներով կարճաժամկետ վարկեր վերցնել: Մի քանի գործոններ միացան, ստեղծվեց ծանր ֆինանսական վիճակ»: Այժմ ՀԷՑ-ը դարձել է անվարկունակ, աուդիտ իրականացնող միջազգային կազմակերպությունն արձանագրել է 9.8 մլրդ դրամի զուտ վնաս, վարկային պարտավորությունները գերազանցել են ակտիվները` 28 մլրդ դրամով, ինչը վկայում է էական անորոշության մասին, որը կարող է կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով` էներգետիկ համակարգը պետք է ենթարկել միջազգային աուդիտի, որպեսզի հնարավոր լինի ապագան կանխատեսել: Նա շեշտեց, որ նման ձևով կաթվածահար է լինում ամբողջ երկիրն ու տնտեսությունը: «Արդյոք հնարավո՞ր է հիմա մերժել հայտը, անցկացնել միջազգային փորձաքննություն, այդ թվում` բոլոր այն ծախսերի մասով, որ ներկայացվել է»,- հարցրեց Ա.Մինասյանն ու պնդեց, որ ՀԾԿՀ-ն կարող է կտրուկ մերժել հայտն ու անդրադառնալ այդ բոլոր հարցերին:
Ռ.Նազարյանը հրաժարվեց նման «մեղք» վերցնել իր վրա` առանց որևէ ֆինանսավորման աղբյուր ցույց տալու: Նաև վստահեցրեց, թե այս 6.93 դրամ բարձրացումից հետո, եթե հաջորդ տարի այլ գործոններ չլինեն, այլ խնդիրներ չծագեն, սակագինը հնարավոր կլինի 5 դրամով նվազեցնել:
«Եթե մի օր արթնանանք, տեսնենք՝ էդ ընկերությունը չկա, կներեք էս բառիս համար` գմփացել ա ֆինանսատնտեսական իմաստով, մենք ի՞նչ ենք անելու: Այսինքն` ասում ենք, սենց հետևում ենք, ամեն անգամ արձագանքողի դերում ենք, իսկ իրանք «Լեքսուսներ» են վարձակալում, ես էստեղ թուղթ ունեմ, որ 83-84-85 թվի արտադրած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենայի նորոգման վրա միլիոնավոր դրամի փողեր են ծախսում: Է, եթե սպասարկում են «Գազ 53»-ով, թող Բիբինն էլ «Գազ 24»-ով ման գա»,- առաջարկեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա` ընկերության ներկայացրած 37 մլրդ դրամ վնասից փոխհատուցվում է 23.4 մլրդ-ը, քանի որ 14 մլրդ-ն արդեն փոխհատուցվել է անցած տարի` բարձրացված սակագնի հաշվին: Այսինքն, եթե այսօր սակագինը չբարձրանա, հաջորդ մեկ տարվա ընթացքում ևս 14 մլրդ դրամով կփոխհատուցվի, իսկ դրան հաջորդող տարվա ընթացքում էլ կփոխհատուցվի ամբողջությամբ: Պատգամավորը կոչ արեց սպասեցնել 60 հազար դոլար աշխատավարձ ստացող Բիբինին 2 տարի. «Բիբինը ոնց ծախսել ա, թող գնա ճարի ու տանի իրա պարտքերը տա, իսկականից, հերիք ա թալանեք, էս ժողովուրդը մեղք ա»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` հոսանքի թանկացման դեպքում Հայաստանում մոտ 6-7 %-ով կաճի աղքատությունը: Կառավարությունը մտադիր է սակագնի բարձրացման դեպքում 105 հազար նպաստառուի փոխհատուցում տալ, բայց պաշտոնական տվյալներով, ինչպես նշեց Զոհրաբյանը, 1 մլն-ից ավելի մարդ աղքատ է Հայաստանում։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը սպառնաց՝ եթե չվճարենք, սնանկացումների շարք կլինի, ընդհուպ` մինչև բանկեր. ՀԷՑ-ը բոլորին աջուձախ պարտք է։
Պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՀԷՑ-ում կատարվածը հանցագործություն է համարում. «Այդ հիմնարկի ցանկացած բաժնետեր կարար գար, բռներ, շալվարները հաներ, ասեր` էս ի՞նչ եք անում, խի՞ եք ավիրում, խի՞ եք սնանկացնում իմ հիմնարկը: Ես չգիտեմ, որ դրա անունը կոչվում է տնտեսվարում: Դա տեղավորվում է Քրեական օրենսգրքում, դրա անունն ուրիշ բառ է»: Ըստ նրա` ՀԷՑ-ի թալանի մեջ միայն Բիբինը չէ մեղավոր, այլ շատ «յան»-երով ազգանուններ ունեցող մարդիկ կան, որոնց մասին լռում են:
Իսկ հարցին՝ ինչո՞ւ ՀԷՑ-ում կատարված չարաշահումների մասին փաթեթը չի ուղարկվում ՀՀ դատախազություն, Ռ.Նազարյանը պատասխանեց, թե դա սեփականատիրոջ խնդիրն է. «Սեփականատիրոջն են այդ վնասը հասցնում: Մենք, սակագնի հաշվարկի ժամանակ՝ ընկերության կողմից իրականացված ավելորդություն կլինի, ոտնձգություն կլինի, ճոխություն կլինի, չենք ներառում»: ՀԾԿՀ նախագահի խոսքով` ՀԷՑ-ի նկատմամբ առաջիկայում վարչական վարույթ կհարուցվի, քանի որ 6 ամիս է` ՀԷՑ-ը մի հրաման է ստորագրել, որը հակասության մեջ մտնելով մեր իրավական ակտերի հետ` պահանջում է նախագծանախահաշվային արժեքի 100% վճարում կատարել, որպեսզի միացում արվի. «Մենք 14 նման դեպք ունենք, շուտով վարչական վարույթ ենք հարուցելու: Չի բացառվում, որ լիցենզիայի կասեցում անենք, տանք ժամանակ, որ վերացնի դա, եթե չէ, նաև զրկենք լիցենզիայից»: