«Քաղաքական դաշտում ընդդիմություն-իշխանություն հարաբերակցությունը չի աշխատում»

Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

– Հունիսի 13-ին «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) Գյումրիի գրասենյակը պատրաստվում է իրազեկման հանրահավաք անցկացնել Գյումրիում։ Կա տեսակետ, թե Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի կազմաքանդումից հետո Գյումրիի և այլ խոշոր քաղաքների ընդդիմադիր զանգվածներն «անտերության» են մատնված, և հիմա ՀԽ-ն փորձում է այդ զանգվածներն իր հետևից տանել։ Համաձա՞յն եք այդ տեսակետների հետ, և ըստ Ձեզ` կհաջողվի՞ ՀԽ-ին դա անել։ 

– Ես համաձայն չեմ, որովհետև ոչ իշխանական եռյակի կազմաքանդումից հետո չմոռանանք, որ ընդդիմադիր կուսկացություններ են մնացել դեռևս` Հայ ազգային կոնգրեսը, որը, շատ թե քիչ, իր հնարավորությունների չափով գործում է, և «Ժառանգության» որոշ ակտիվ գործիչներ, որոնք շատ թե քիչ գործում են։ Հասկանալի է, որ ընդդիմադիր է համարվում նաև ԲՀԿ-ն, որը Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո դեռևս իր տեղը չի գտնում քաղաքական դաշտում։ Նաև ընդդիմադիր է համարվում ՀՅԴ-ն, քանի որ կառավարության մաս չի կազմում։

Իհարկե, փաստացի կարող ենք ասել, որ հասարակության գիտակցության մեջ` որպես ընդդիմություն, այդ ուժերից մնացել են ՀԱԿ-ն ու «Ժառանգության» մի քանի գործիչները։ Ինչ վերաբերում է ՀԽ-ին, ապա այն շատ ամուր ինչ-որ մի նախաձեռնություն է, որը, ինչպես խոստանում էր՝ «100-ամյակը` առանց ռեժիմի» պետք է լիներ, բայց, ի վերջո, 100-ամյակը մնաց առանց ՀԽ-ի, քանի որ նրանք բանտերում էին, և նրանք այն քաղաքական կշիռն ու ազդեցությունը չունեն, որ փորձեն հասարակության դժգոհ զանգվածներին իրենց հետևից տանել։

– Բայց նկատենք, որ այսօր, եթե ինչ-որ քայլ կատարում են, ապա ՀԽ անդամներն են անում, իսկ մնացած ընդդիմադիրները ոչ մի ձևով չեն փորձում այդ ընդդիմադիր զանգվածին մոբիլիզացնել։ 

– Սկսենք նրանից, որ այդպես չէ, որովհետև ՀԱԿ-ը էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված` Ազգային ժողովում իր ելույթներն է ունենում, ինչպես իրենց ելույթներն են ունենում այլ քաղաքական ուժեր։ Ինչ վերաբերում է ԱԺ-ից դուրս աշխատանքին, ապա դա միայն հանրահավաքով չէ, ավելի լուրջ գործունեություն պետք է ծավալվի, և, իհարկե, հասկանալի է, որ նրանք մի քիչ պասիվացել են։

Բայց խնդիրն այդ ուժերի պասիվության մեջ չէ, դա պայմանավորված է նրանով, որ հասարակության մեջ բավական ուժեղ են արտագաղթի տրամադրությունները, բավական ուժեղ են Հայաստանից հույսը կտրելու տրամադրությունները, հասարակությունը բավականին թուլացել է, և այդ իսկ պատճառով նա այլևս չի կարողանում նյութ հանդիսանալ ընդդիմադիր կառույցների գործունեության համար։ Սա է պատճառը, որ քաղաքական պասիվություն կա, իսկ այդ պասիվությունը հասարակությունից է գալիս։ Եթե հասարակությունը պասիվ է, քաղաքական ոչ մի ուժ չի կարող ոչինչ անել։ Հասարակության 95 տոկոսն այլևս չի զբաղվում այս երկրի ապագայի մասին մտածելով։ Մաքսիմում 5 տոկոս ակտիվ զանգվածն է մնացել, որոնք ինչ-որ չափով փորձում են ինչ-որ գործունեություն իրականացնել, բայց նրանք շատ թույլ են, որպեսզի ինչ-որ հաջողությունների հասնեն։

Խնդիրը հասարակության մեջ է, ոչ թե կուսակցությունների։ Եվ այն կուսակցությունները, որոնք ցանկանում են իշխանության գալ, նրանց արդեն ոչ հանրահավաք է պետք, ոչ երթեր են պետք, ոչ էլ զանգվածային ինչ-որ միջոցառումներ են պետք։

Եթե ցանկանում են իշխանության գալ, ապա բավականին լուրջ աշխատանք պետք է կատարեն. ունենան ֆինանսական հնարավորություն, հասարակական կենտրոնի աջակցություն, համապատասխան լրատվամիջոցներ, որոնց միջոցով կկարողանան ընտրազանգված ձևավորել, հասարակության պասիվ մասի մի մասին ակտիվացնել։ Դրանից հետո միայն նրանք կարող են ինչ-որ արդյունքներ ակնկալել։ Մինչև դա չլինի, ուզում ես` Գյումրիում հանրահավաք արա, ուզում ես` Աբովյանում, Ազատության հրապարակում, դա արդեն ունի զրո նշանակություն։

– Ըստ Ձեզ` մեր ընդդիմադիր դաշտում ո՞ր ուժերը կկարողանան Ձեր մատնանշած քայլերն իրականացնել և ինչ-որ հաջողություններ գրանցել։

– Նախ` սկսենք նրանից, որ ընդդիմադիր դաշտ ասվածը գոյություն չունի, քաղաքական դաշտը չի բաժանում ընդդիմադիրի ու իշխանության միջև, դա ընդամենն Ազգային ժողովում է, որ քաղաքական ուժերը կա՛մ իշխանություն են, կա՛մ ընդդիմադիր։ Իսկ քաղաքական դաշտում նրանք կա՛մ ազդեցիկ են, կա՛մ ոչ ազդեցիկ, նրանք կա՛մ ֆինանսական մեծ ռեսուրսների են տիրապետում, կա՛մ չեն տիրապետում, կա՛մ վարչական մեծ ռեսուրսների են տիրապետում, կա՛մ չեն տիրապետում, նրանք կա՛մ արևմտամետ են, կա՛մ ռուսամետ են։

Այսինքն` քաղաքական դաշտում ընդդիմություն-իշխանություն հարաբերակցությունը չի աշխատում։ Ինչ վերաբերում է ուժերին, ապա գուշակություններ չեմ կարող անել և ասել, որ այս ուժը կարող է համապատասխան աշխատանք տանել և իր հետևից զանգվածներ տանել, եթե այդ ուժերը կարողանան անել, դա կտեսնենք, եթե չենք տեսնի այդ զանգվածները, նշանակում է` այդ ուժերը չկան։

– Հաշվի առնելով, որ նախորդ ՀԽ-ի հավաքներին որոշակի միջադեպեր եղան, ի՞նչ կարելի է ակնկալել` նորից նման դեպքեր կգրանցվե՞ն։ 

– Դա կախված է արդեն իշխանությունից և իշխանության ադեկվատությունից։ Մի բան պետք է հասկանալ` ՀԽ-ն Հայաստանի քաղաքական դաշտում իրենից ոչինչ չի ներկայացնում, եթե իշխանությունները ադեկվատ կլինեն, ուղղակի այդ կառույցին չեն նկատի, եթե ադեկվատ չեն լինի, կփորձեն ինչ-որ միջադեպեր իրականացնել, ինչպես նախկին հավաքների ժամանակ։ Դա կախված է իշխանության ադեկվատությունից, իսկ իշխանությունը, ինչպես ցույց տվեց վերջին շրջանում, ադեկվատ չէ։

– Պարոն Բադալյան, ոչ իշխանական եռյակն իրենից, կարծես, ավելի վտանգավոր ուժ էր ներկայացնում իշխանության համար, քան ՀԽ-ն։ Ըստ Ձեզ` ի՞նչն էր պատճառը, որ նրանց հավաքների ժամանակ նման դեպքեր չէին գրանցվում, իսկ ՀԽ-ի հետ պարբերաբար նման միջադեպեր էին լինում` օրինակ, Բերձորի դեպքերը, Գյումրիի դեպքերը։ 

– Նկատվում է իշխանական խմբավորումների կողմից ՀԽ-ի PR-ի ապահովումը, որովհետև իրականում նրանք այն ուժը չեն, որ վտանգ սպառնան իշխանությունների համար, և իշխանությունները վախենան ու դրա պատճառով ինչ-որ միջոցառումներ անեն։ Իշխանության մեջ կան խմբավորումներ, որոնց ձեռք է տալիս, որ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանում մնացել է մի ընդդիմադիր կառույց, և դա ՀԽ-ն է։

Եթե չլինեին այդ միջոցառումները, ոչ ոք չէր իմանա ՀԽ-ի մասին։ Ինչ-որ կասկածելի պայմաններում մեքենաների վառվելը, իրենից քաղաքական ուժ չներկայացնող ուժի նկատմամբ բռնությունների կիրառումը, Բերձորի այդ դեպքերը, Գյումրիի հանրահավաքի ժամանակ գրանցված այդ դանակահարությունը և այլն, ցույց են տալիս մի բան. կա նախաձեռնություն` դուր գալ վերևի իշխանությանը։ Իշխանության վերին ատյաններում ևս կա ոչ ադեկվատություն քաղաքական գործընթացների վերաբերյալ, և երրորդ` իշխանության մեջ կան խմբավորումներ, որոնց ձեռք է տալիս ՀԽ-ի PR-ն անելն այլ նպատակների համար` չմոռանանք 2017-18 թվականների ընտրությունները՝ և այլն։

Տեսանյութեր

Լրահոս