«ՀԽ-ն փորձում է իր հետևից տանել Ծառուկյանի ԲՀԿ-ի կազմաքանդումից հետո Գյումրիում «անտերության» մատնված ընդդիմադիր զանգվածները». Քաղաքագետ

Այս շաբաթ՝ հունիսի 13-ին, «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) Գյումրիի գրասենյակը պատրաստվում է Գյումրիում իրազեկման հանրահավաք անցկացնել, որի ժամանակ խոսելու են սոցիալ-տնտեսական, ինչպես նաև՝ քաղաքական խնդիրների մասին: Հիշեցնենք, որ նախկինում, երբ ՀԽ անդամները պատրաստվում էին իրազեկման ակցիա անցկացնել Գյումրիում, նրանց մուտքը որոշակի մարդկանց կողմից արգելվել էր քաղաք, իսկ Գյումրիում անցկացված նախորդ հավաքի ժամանակ ՀԽ անդամներից մեկին դանակահարել էին:

168.am-ը գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց՝ ըստ նրա՝ ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանրահավաքից, դարձյալ միջադեպեր կլինե՞ն՝ հաշվի առնելով նախորդ դեպքերը: Ի պատասխան մեր հարցի՝ քաղաքագետն ասաց, որ ինքը շատ ուրախ կլինի, որ այդ «սադրիչ» գործողություններ կազմակերպողները, ովքեր իշխանություններին «արջի ծառայություն» են մատուցում, հանգիստ թողնեն բոլորին: Նա կարծում է՝ եթե այդպիսի սկանդալներ չլինեն, ապա ընդհանրապես ՀԽ-ի հանրահավաքներ կամ երթեր կազմակերպելը Գյումրիում նույնիսկ շատերի կողմից չի էլ նկատվի:

Gagik Hambaryan«Նախորդ հավաքին, երբ դանակահարություն եղավ, ոստիկանների և լրագրողների թիվն ավելի շատ էր, քան մասնակիցների թիվը: Այնպես որ, էլի եմ նշում, «Հիմնադիր խորհրդարանի» շատ ակտիվությունը ոչ ոքի վնաս չի տալիս»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, թե այդ «սադրանքներ» կազմակերպողներն ամեն ինչ անում են, որպեսզի ՀԽ-ի հանրահավաքներն ավելի շատ լուսաբանվեն ԶԼՄ-ների կողմից, մարդկանց մոտ հետաքրքրություն առաջանա, թե իրականում «այդ ՀԽ-ն ո՞վ է, որ իշխանություններն այդքան վախենում են նրանցից, որ այն ուժերը, որոնք համագործակցում են իշխանությունների հետ, այդպիսի սադրիչ միջոցների են դիմում»: Գ. Համբարյանի համոզմամբ՝ սա շատ մեծ վնաս է հասցնում իշխանություններին և ցույց է տալիս, որ նրանք շատ «թույլ» են:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են հենց Գյումրիում միշտ նման միջադեպեր լինում, այդ քաղաքում իրոք կա՞ն «հակահիմնադիր խորհրդարանական» տրամադրություններ, Գ. Համբարյանը պատասխանեց, որ Գյումրին միշտ ընդդիմադիր է եղել՝ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին.

Կարդացեք նաև

«Վառ օրինակ են վերջին նախագահական ընտրությունները, երբ Սերժ Սարգսյանը Գյումրիում խայտառակ պարտություն կրեց, և գյումրեցիների մոտավորապես 70%-ից ավելին քվեարկեց նրա դեմ: Իշխանությունները մտածում են, որ այդ ընդդիմադիր զանգվածը կարող է գնալ ՀԽ-ի հետևից: Դուք շատ լավ գիտեք, որ մինչ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի կազմաքանդվելը, Գյումրին երևի Կոտայքի մարզից հետո երկրորդն էր ՀՀ-ում, որտեղ ԲՀԿ-ն ունեցել է շատ ուժեղ դիրքեր: Ծառուկյանի դուրս գալուց հետո այդ ընդդիմադիր ընտրազանգվածը Շիրակում «անտերության» է մատնված: Եվ ինքնըստինքյան քաղաքական շատ ընդդիմադիր ուժեր կցանկանան այդ անտեր մնացած ընտրազանգվածին և բողոքական մասսային դեպի իրենց կողմը տանել: Եվ քանի որ իշխանությունները Շիրակի մարզում չեն կարող շատ կտրուկ լուծել ժողովրդի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները, իշխանությունները սկսում են համագործակցել այն ուժերի հետ, որոնք ներկայացնում են իշխանությունների մոտ, որ իրենք կարող են հարցեր լուծել, և հարց լուծելը շատ խայտառակ և վատ վիճակի մեջ է դնում իշխանություններին»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ իշխանությունները փորձում են չեզոքացնե՞լ այն ուժերին, որոնք կարող են Գյումրիի ընդդիմադիր զանգվածներն իրենց հետևից տանել, Գ. Համբարյանը կրկնեց, որ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի կազմաքանդումից հետո ընդդիմադիր ընտրազանգվածը Գյումրիում և ընդհանրապես Շիրակի մարզում «անտերության» է մատնված, և շատ ընդդիմադիր ուժեր կցանկանան այդ ընտրազանգվածին իրենց հետևից տանել. «ՀԽ-ն էլ դրանցից մեկն է, վաղը կամ մյուս օրը կարող է նույն «Օրինաց Երկիրը» գա, հանրահավաք կազմակերպի, կամ Հայ ազգային կոնգրեսը, կամ Նիկոլ Փաշինյանի նոր կուսակցությունը, կամ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը»: Հիմա բոլորն էլ կարող են գալ և հանրահավաք կազմակերպել, ու ոչ ոք իրավունք չունի այդ հանրահավաքները արգելելու, եթե այդ հանրահավաքներին չեն հնչում հակապետական և ահաբեկչական կոչեր»:

Հարցին էլ՝ ՀԽ-ն դա գիտակցելո՞վ է այդքան դեպքերից հետո նորից Գյումրիում անցկացնում հանրահավաքներ, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Նորից եմ կրկնում՝ Գյումրին պարարտ հող է իրենց ընդդիմադիր հորջորջող քաղաքական ուժերի, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար, դրա համար էլ նրանք գալիս են այստեղ: Բացի դրանից, Գյումրին համարվում է Հայաստանի երկրորդ մեծության քաղաքը»:

 

Տեսանյութեր

Լրահոս