Լեզվակռիվ ԱԺ-ում. ««Ով էդտեղ նստում ա, իրան ցար ա զգում»
Այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրի շուրջ լսումների ժամանակ լեզվակռիվ եղավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ու լսումները նախագահող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի միջև: Դեռ անցած շաբաթ հանձնաժողվի նիստի ժամանակ նրանք վիճել էին Այվազյանի՝ «դու»-ով դիմելու պատճառով, այսօր, սակայն, նրանք վիճեցին հարց տալու հերթի համար: Մանուկյանը պահանջեց իրեն ձայն տալ՝ պնդելով, որ հարց տալու իր հերթն է:
«Տվեք Ձեր հարցը, պարոն Դուք»,- հեգնեց Վ.Այվազյանը:
«Ով էդտեղ նստում ա, իրան ցար ա զգում»,- հակադարձեց Ա.Մանուկյանն ու ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե մանկատների, ծերանոցների, դպրոցների, մանկապարտեզների, բազմաթիվ ՀԿ-ների, Հովիկ Աբրահամյանի եկեղեցու, այլ եկեղեցիների, մանկատներում ամուսնությունների համար ո՞վ է թույլ տվել ՀԷՑ-ին բարեգործություն անել ու ո՞վ է դիմել այդ բարեգործություններն անելու համար:
Մանուկյանը նաև հարցրեց, թե տնտեսապես ոչ հիմնավորված 200 մլն դոլար վարկի համար երաշխավորը կառավարությունն է, ինչո՞ւ է թույլ տվել. «Արդյոք կառավարությունը չէ՞ երաշխավորը, որ միջնորդել է «Գլենդել Հիլզի», «Նաիրիտի», «Քիմպրոմի» համար պարտքերը չմուծեն: Պարտքերի մեջ կար, որ 10 մլրդի մեջ 30%-ը կազմում է բնակչության պարտքը, բայց ես դեպք չգիտեմ, որ բնակչությունը չմուծի»:
Ռ.Նազարյանը պատասխանեց՝ ասելով, թե, անկեղծ ասած, այդ բարեգործությունների մասին ինքը գիտի կամ մամուլից, կամ հենց Մանուկյանի խոսքից, որովհետև Բիբինը իր սեփականատերերի հետ միասին կարող է նաև բյուջե ունենա բարեգործություն անելու համար: Նա նկատեց, թե այդ բարեգործություններն, ի վերջո, արել են ՀՀ-ում. «Ի՞նչ է արել, ի՞նչ չափով՝ ինձ հետաքրքիր չէ»:
Ըստ նրա՝ խոսքը կարճաժամկետ և տնտեսագիտական նկատառումներից ելնելով ոչ ընդունելի վարկերի մասին է, որի համար կառավարությունը երաշխիք չի տվել, իսկ «Նաիրիտի» ու մյուսների պարտքը այլ դաշտի խնդիր է: Նազարյանի կարծիքով՝ հենց էլեկտրաէներգիայի մասով «Նաիրիտի» պարտքի մի ամիսը լրանար, պիտի անջատեին: