Էդուարդ Շարմազանովը Անդրանիկ Մարգարյանից սովորել է կտրուկ չխոսել

«Նա մարդ էր, որը հասկանում էր, որ կտրուկ խոսքը քաղաքականության լեզուն չէ, և ամենակարևորը՝ ինքը գիտակցում էր, որ հայրենիքը բացարձակ արժեք է»,- այս մասին այսօր Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցող հիշատակման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Ա. Մարգարյանի համար Հանրապետական կուսակցությունը եղել է լոկ միջոց, որպեսզի ծառայի պետությանը. «Լա՞վ է ծառայել, թե՞ վատ է ծառայել, դա ժամանակն է ցույց տալու, բայց այն, որ Անդրանիկ Մարգարյանն անկեղծորեն, ազնվորեն, նվիրվածությամբ իր ողջ կյանքը ներդրել է հայոց պետականության ամրապնդման համար, դա փաստ է: Ինքը չէր կարող ուրիշ ձև լինել, որովհետև, եթե մարդ 14-15 տարեկանում կոմունիստական բոլշևիկյան ժամանակաշրջանում իր ընկերների հետ մտածում էր անկախ Հայաստան վերաստեղծելու մասին, ինքն այլ ճանապարհով չէր կարող գնալ: Իսկ մենք, կոնկրետ՝ ես, իրենից շատ բան ենք սովորել, ինչքան մեծանում եմ, այնքան իրեն հասկանում եմ: Դրա համար էլ գնալով կտրուկ խոսքերը քչացնում եմ»:

Հարցին՝ դուք շարունակում եք իր գործը՝ կուսակցությունը ծառայեցնել պետությանը, Է. Շարմազանովը պատասխանեց, որ Հանրապետականը տեսակ է, և Հանրապետականը կլինի իշխանության, չի լինի իշխանության, շատ կլինի, թե քիչ կլինի, նրա դերակատարումը միշտ պետք է զգացվի. «Որովհետև, ինչպես մեր նախագահը նշեց մեր նախորդ համագումարում, Հանրապետական կուսակցությունն անկախ պետականության սյուներից մեկն է: Երբ պատերազմ է եղել, Հանրապետականը ստեղծել է անկախության բանակ՝ Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ՝ գնացել են սահմաններ, խաղաղ շինարարության ժամանակ Հանրապետականը միշտ պատասխանատվություն է վերցրել: Միշտ չէ, որ ամեն ինչ ստացվել է, այսօր էլ կան բազմաթիվ թերություններ, բայց մենք կատարյալ չենք, մենք էլ ունենք շատ թերություններ, ու միգուցե թերություններն ավելի շատ են, բայց անում ենք ամեն ինչ ազնվորեն, իսկ թերություններ լինեում են այնտեղ, որտեղ կա աշխատանք: Ի՞նչ ասաց Մարգարյանը, որտեղ կա գործ, այնտեղ կգտնվեն բազում քննադատողներ, աշխարհն է այսպիսին»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս