«Գերմանիան չի ցանկանում լինել Մինսկի խմբի եռանախագահող ձևաչափի անդամ». Ռայներ Մորել
«Գերմանիան աջակցում է Մինսկի խմբի ներկայիս ձևաչափին»,- այսօր այս մասին ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ն.Գ. Ռայներ Մորելը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է Գերմանիան վերաբերվում Ադրբեջանի` ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափն ընդլայնելու և Գերմանիային ևս, որպես միջնորդ այդ գործընթացում ներգրավվելու առաջարկին, երբ տարեսկզբին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկում էր, որպեսզի Գերմանիան ակտիվորեն աջակցի ԼՂ հակամարտության կողմերին՝ կարգավորել հակամարտությունը:
Հիշեցնենք, որ օրերս ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումից հետո, հանդիպելով լրագրողներին, հայտարարել էր, որ Ադրբեջանն առաջարկում է ընդլայնել ՄԽ ձևաչափը: «Կարծում եմ, սա նոր առաջարկ չէ, սակայն այն ընդունելու համար կոնսենսուսով կայացված որոշում է պետք, որը կընդունվի բոլոր մասնակիցների կողմից: Միգուցե այս հարցն ուսումնասիրենք ապագայում, բայց կարծում եմ՝ ՄԽ-ն պետք է շարունակի աշխատել: Սա միակ ձևաչափն է, որի շրջանակում տարաբնույթ բանակցություններ են ընթանում»,- հայտարարել էր Դաչիչը: Ի դեպ, մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ադրբեջանն առաջարկում է գործընթացում ընդգրկել Թուրքիային և Գերմանիային:
Դեսպան Մորելը նախ՝ ճշտում մտցրեց, որ Գերմանիայի կանցլեր Մերկելի այդ ելույթը սխալ է ընկալվել, որովհետև նա ուղիղ կերպով նման առաջարկ չի ներկայացրել երբեք: Նա ընդգծեց, որ Գերմանիան, ինչպես ԵԱՀԿ մյուս բոլոր անդամները, աջակցում են Մինսկի խմբին: «Այո, բայց մենք չենք ցանկանում լինել եռանախագահող ձևաչափի անդամ: Սա ցանկություն է հակամարտող մեկ երկրի կողմից, բայց մենք միշտ էլ ասել ենք, որ աջակցում ենք ձևաչափին, ինչպես ներկայումս` եռանախագահող ներկայիս ձևաչափին»,- ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:
Ռայներ Մորելը նաև շեշտեց. «Եթե այլ իմաստ է ստացվել Մերկելի խոսքից, ապա դա թյուրիմացություն է»: