Հայաստանում 2006 թվականից ի վեր մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվում

Մալարիայով հիվանդ ֆիննացու վիճակն այսօր ավելի լավ է։ Առավոտյան նա ջերմություն չի ունեցել։ Կեսօրին մոտ ջերմությունը սկսել է բարձրանալ, ի հայտ են եկել թեթև դող և սարսուռ։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են հիվանդությանը բնորոշ։

Կա լավացման միտում։ Բուժումը պետական պատվերի շրջանակում շարունակվում է։ Հիշեցնենք, որ հիվանդը հայտնաբերվել է ՀՀ պետական սահմանի անցակետում և անմիջապես տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արևադարձային մալարիա։

Նկատի ունենալով, որ վարակը փոխանցվում է միայն մոծակի խայթելու միջոցով՝ հիվանդի բուժումը կազմակերպվում է ցանցապատ պատուհաններով հիվանդասենյակում: Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային և շփման եղանակով, ուստի անմիջական շփման ժամանակ վտանգավոր չէ շրջապատող մարդկանց համար:

Տեղեկացնենք, որ մալարիան շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը։ Շատ երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում, և շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո:

2000 թվականից սկսած թեև աշխարհում մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, սակայն ներկայումս էլ տարեկան շուրջ 500 հազար մարդ մահանում է այս հիվանդությունից:

Հայաստանի Հանրապետությունում 1994 թվականից սկսել են արձանագրվել Եռօրա մալարիայի դեպքեր, որոնք շարունակվել են մինչև 2005 թվականը: Համակարգված պայքարի շնորհիվ 2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել։ 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք: 2006 թվականից սկսած հանրապետությունուոմ արձանագրվել են միայն Աֆրիկա մայրցամաքից բերովի եզակի դեպքեր:

Մալարիան միաբջիջ հարուցիչներով պայմանավորված Անոֆելես ցեղի մոծակի խայթելու միջոցով փոխանցվող տեղաճարակային (էնդեմիկ) հիվանդություն է: Տարբերում են մալարիայի 4 տեսակ՝ եռօրյա, քառօրյա, արևադարձային, օվալե մալարիա: Մալարիային բնորոշ է հիվանդության սուր սկիզբը` հանկարծակի սկսվող սարսուռ, ջերմաստիճանի արագ բարձրացում մինչև 39-40˚, տենդ` հաջորդող առատ քրտնարտադրությամբ: Առավել ծանր է ընթանում Արևադարձային մալարիան, որն ուշ ախտորոշման և անհամապատասխան բուժման դեպքում կարող է բերել մահվան:

2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մալարիայի բերովի 2 դեպք, որոնցից վերջինը՝ հունիսի 10-ին Տանզանիայից ժամանած Ֆինլանդիայի քաղաքացու մոտ:

Տեսանյութեր

Լրահոս