«Սեյրան Օհանյանին հանգիստ թողեք, չի հաջողվելու նրան վարկաբեկել. սև PR-ը սև է դառնալու այն կազմակերպողների գլխին»

Խորհրդարանն այսօր շարունակեց քննարկել «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը այս օրենքի քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց, որ կարևորում է պետության վերաբերմունքը այս խնդրին և կառավարության ճիշտ մոտեցումը՝ պետական բյուջեից հատկացնել անհրաժեշտ գումար, առաջին գծում ծառայած և ծառայության ընթացքում վիրավորված, առողջությունը քայքայած զինվորականների եւ նրանց ընտանիքի անդամների բուժումը անհրաժեշտոության դեպքում արտերկրի բուժհիմնակներում անցկացնելու համար:

Մարգարիտ Եսայանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց, որ թեպետ օրենքի հեղինակները երկու երիտասարդ պատգամավորներ (Էդմոն Մարուքյան և Արփինե Հովհաննիսյան) են, բայց ինքը իրեն, և դատելով ելույթներից, նաև ամբողջ խորհրդարանին և կառավարությանն է համարում օրենքի համահեղինակ.

«Սակայն, առիթն օգտագործելով, ուզում եմ խոսել մեկ այլ կարևոր խնդրի շուրջ, մենք տեսնում ենք, որ սոցիալական ցանցերում ժամանակ առ ժամանակ հայտարարություններ են տարածվում այս կամ այն զինվորի բուժումը արտերկրում կազմակերպելու համար անհրաժեշտ գումար հավաքելու մասին: Իհարկե, անչափ կարևոր է, որ մեր քաղաքացիական հասարակությունը ակտիվ է սոցկայքերում, բայց մյուս կողմից անընդունելի է, որ այս կայքերը դառնում են գործիք ինչ-ինչ սև ուժերի համար՝ ստվերելու մեր երկրի ամենակայացած կառույցը՝ բանակը և բանակի հրամանատար Պաշտպանության նախարարին: Մեկ անգամ արդեն ասել եմ, հիմա ուզում եմ կրկնել՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին հանգիստ թողեք, չի հաջողվելու նրան վարկաբեկել, բայց վարկաբեկելու փորձ անողները սրանով կնքում են իրենց անփառունակ վախճանը: Մեր հասարակությունը, ժողովուրդը անչափ հարգում է Սեյրան Օհանյանին, նրա անցած փառահեղ ուղին և այսօրվա գործունեությունը, ինքս հպարտ եմ, որ մեր բանակը գտնվում է հենց նրա հրամանատարության ներքո»,- ասաց Մարգարիտ Եսայանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս