Մթերվող կաթի գինն ավելի են իջեցնում, իսկ կաթնամթերքի գինն օր օրի բարձրանում է
Վարդենիսի ֆերմերներից կաթի մթերման գինը հունիս ամսին ոչ միայն չի բարձրացել, այլև իջել է: Այս մասին մեզ հետ զրույցում ասացին ֆերմերները:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ Վարդենիսի շրջանում ֆերմերները կաթը մթերելու հետ կապված խնդիրներ ունեն, քանի որ կաթնամթերք արտադրող ընկերությունները (մասնավորապես՝ «Աշտարակ կաթը» և «Մարիաննան») նրանցից կաթ չեն մթերում, իսկ մթերելու դեպքում էլ՝ շատ ցածր գին են առաջարկում կաթի համար:
Ֆերմերները մեզ տեղեկացրել էին, որ անցյալ տարիների համեմատ՝ կաթի գինն իրենց մարզում շատ է իջել, և իրենք արդեն սկսել են անաասունների սպանդը, քանի որ ձեռք չի տալիս այդ գնով կաթ վաճառել:
Նրանք մտահոգություն էին հայտնել, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները կաթի գինն իջեցրել են, քանի որ Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ կաթի փոշի, որն էլ ընկերություններն իրենց արտադրության մեջ օգտագործում են անարատ կաթի փոխարեն: Գյուղատնտեսական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները, խոսելով խնդրի մասին, վերահսկողություն իրականացնող մարմիններին կոչ էին արել ստուգել այդ ընկերությունների արտադրանքը, քանի որ նրանք սպառողին խաբում են՝ գովազդելով, իբր անարատ կաթից են արտադրանք ստանում: Ավելին, թեև միջազգային շուկայում կաթի փոշու գները նվազել են, հայ արտադրողներն այդ էժան փոշին ներկրելով՝ կաթնամթերքի վաճառքի գները չեն իջեցնում:
Սակայն «Աշտարակ կաթ» և «Մարիաննա» ընկերությունները մեզ հետ զրույցում հերքել էին այս տեղեկությունները՝ ասելով, թե իրենք միայն անարատ կաթ են օգտագործում իրենց արտադրանքներում:
Նրանք նաև իրենց պարզաբանումներն էին ներկայացրել , թե ինչու Վարդենիսի ֆերմերներից ընդհանրապես չեն մթերում կաթ, կամ ինչո՞ւ են ցածր գին առաջարկում կաթի համար:
Հիշեցնենք նաև, որ Վարդենիսի ֆերմերները մեզ հետ զրույցում հույս էին հայտնել, որ կաթի գինը հունիս ամսից կբարձրանա, ու իրենք կդադարեցնեն անասունների սպանդը: Ֆերմերներն ասում էին, որ այս տարի կաթը 180 դրամից մթերողները դարձրել են 110 դրամ:
Պարզվում է, սակայն, որ հունիս ամսին կաթի գինը ֆերմերների համար ոչ միայն չի բարձրացել, այլև իջել է:
Մեզ հետ զրույցում այդ շրջանի ֆերմերներից Վարդան Հայրապետյանը տեղեկացրեց, որ այժմ «Մարիաննա» ընկերությունն իրենցից կաթը սկսել է մթերել 90 դրամով, իսկ «Աշտարակ կաթն» ընդհանրապես չի մթերում: Նա արդեն 10 անասուն է մորթել, ու եթե այսպես շարունակվի՝ շարունակելու է անասունների սպանդը: Այլապես ձեռնտու չէ նաև անասնապահությունը (անասնակերի թանկ լինելու և այլ պատճառներով)
Հարցին՝ կաթի գինն ավելի իջեցնելու միտո՞ւմ եք տեսնում, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Էլ ինչքա՞ն իջեցնեն, հիմա արդեն 90 դրամով է «Մարիաննան» վերցնում, իսկ «Աշտարակ կաթը» բացարձակ չի վերցնում»: