Բաժիններ՝

«Մարիաննան» և «Աշտարակ Կաթը» պարզաբանում են՝ ինչո՞ւ կաթ չեն մթերում, և ինչո՞ւ է իջել կաթի գինը

Մոտ մեկ շաբաթ առաջ Վարդենիսի շրջանի մի շարք ֆերմերներ 168.am-ին տեղեկացրել էին, որ այնպիսի խոշոր կաթարտադրող ընկերություններ, ինչպիսիք են «Աշտարակ կաթը» և «Մարիաննան», հրաժարվում են իրենցից կաթ մթերել, իսկ մթերելու դեպքում էլ այնքան ցածր գին են առաջարկում, որ գյուղացիներին ձեռք չի տալիս անասուն պահելը: Ֆերմերները նշում էին, որ իրենք արդեն սկսել են անասունների սպանդը ու այդպես կշարունակեն, եթե կաթի գինը չբարձրանա: Նրանք նաև մտահոգություն էին հայտնում, որ այդ ընկերություններն իրենցից կաթ չեն գնում, քանի որ օգտագործում են էժանագին կաթի փոշի, որը մեծ քանակությամբ ներկրվել է Հայաստան: Նշենք, որ միջազգային շուկայում կաթի փոշու գինը մեծ անկում է ունեցել, և Հայաստան դեռևս անհայտ ընկերություններ, առիթից օգտվելով, մեծ քանակությամբ փոշի են մթերել:

168.am-ի հետ զրույցում «Աշտարակ կաթ» ընկերության կաթի մթերման բաժնի աշխատակիցը խոսելով Վարդենիսի շրջանի ֆերմերների այս մտահոգությունների մասին՝ տեղեկացրեց, որ իրենք Վարդենիսի շրջանից այս տարի կաթ չեն մթերում:

Հարցին՝ ընդհանրապես չե՞ք մթերել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ անցյալ տարի մթերել են, բայց այն ժամանակ ուրիշ գներ էին, այդ գների հետ կապված դժգոհություններ չկային:

Հարցին էլ՝ ի՞նչն է պատճառը, որ այլևս Վարդենիսի շրջանից կաթ չեք մթերում, նա պատասխանեց, որ ծախսերը մեծ են լինում. «Բացի այդ, շուկա մի քանի վերամշակողներ մտան, սկսեցին ուրիշ քաղաքականություն տանել մարդկանց հետ, կաթը պակասեց, ու այնպես չէ, որ այդ գյուղացիները խնդիր ունեին այդ կաթն իրացնելու: Մենք այն շրջանում ենք դուրս եկել, երբ կաթը պակասել է, և բոլորը պայքարում էին, որ վերջին լիտր կաթը տանեին»:

Կարդացեք նաև

Ընկերության աշխատակիցը նշեց որ այժմ իրենք կաթ են մթերում Արագաածոտնի մարզից, Լոռու մարզից, Շիրակի մարզից. «Անցյալ տարվա համեմատ իջել են գները, բայց մենք հավասարակշռված ձևով ենք այդ ամեն ինչն անում: Մեզ մոտ ամեն ինչ արվել է օրինաչափության մեջ: Ենթադրվում է, որ առաջիկայում էլի գները կիջնեն»:

Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված կաթի մթերման գների նվազումը, գյուղացիները և գյուղատնտեսության հարցերով զբաղվող հասարակակական կազմակերպություններն ասում են, որ կաթի փոշու ներկրումն է պատճառը, «Աշտարակ կաթի» աշխատակիցն այսպես պատասխանեց. «Չասեմ, թե ինչ-որ բաներ չեմ լսել, տեղյակ չեմ, բայց ես իրավասու չեմ նման հարցերով խոսել»:

Այս խնդրի վերաբերյալ մեր գրավոր հարցմանը «Մարիաննա» ընկերությունը տվել է հետևյալ մեկնաբանությունը. «Նախ՝ ուզում ենք բացատրել, թե ինչպես է հաշվարկվում մթերվող կաթի գինը: «Մարիաննա» ընկերությունը 1կգ բազիսային յուղայնությամբ կաթը գնում է 130 դրամ: Բազիսային յուղայնությունը ՀՀ-ում սահմանված է 3,6%: Եթե կաթի յուղայնությունը ցածր է 3,6%-ից՝ վճարվում է 130 դրամից ցածր գին, համապատասխանաբար, եթե 3,6%-ից բարձր է, ապա վճարվում է 130 դրամից բարձր գին: Այդ հաշվարկների համար գոյություն ունի համապատասխան բանաձև (հաշվարկի ձև), որին ծանոթ են բոլոր կաթ հանձնող ֆերմերները և գյուղացիները: Հետևաբար, երբ ասում են՝ կաթը գնում են 90-100 դրամով, ապա պարտավոր են նշել նաև այդ կաթի յուղայնությունը: Տվյալ դեպքում, եթե վճարել են 100 դրամ, նշանակում է՝ այդ ֆերմերի կաթի յուղայնությունը կազմել է 2,8-3%. Ինչ վերաբերում է չոր կաթի ներկրմանը, ապա կարող ենք ասել, որ Գ.Ն. Սննդամթերքի անվտանգության տեսչությունը տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որում նշվում է, որ 2015-ի 5 ամիսների ընթացքում 40 տոննա քիչ չոր կաթ է ներկրվել, քան 2014-ի նույն ժամանակահատվածում: Այնպես որ, մեծ քանակի չոր կաթի ներկրման մասին լուրերը, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը:

Այստեղ կաթը չգնելու խնդիր չկա: «Մարիաննա» ընկերությունը, ինչպես միշտ, աշխատում է անարատ կաթով, խնդիրն իրացման մեջ է: Ամառային սեզոնին կաթի ծավալներն ավելանում են մոտավորապես 8-9 անգամ, սակայն կաթնամթերքի իրացման ծավալները մնում են նույնը: Հետևաբար՝ իրացման հետ կապված խնդիրներ են առաջանում: Արտահանում չլինելու պատճառով մենք չենք կարող իրացնել ավելցուկ կաթը: Իսկ արտահանում չկա, քանի որ ներկայիս կաթի գնով արտադրված կաթնամթերքը (պանիր, չոր կաթ) գնային առումով մրցունակ չէ արտերկրում: Հետևաբար՝ մթերվող կաթի գինը պետք է լինի այնպիսին, որը հնարավորություն կտա արտադրել պանիր, չոր կաթ և կազմակերպել արտահանում»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս