Բաժիններ՝

Թուրքիայի դեմ Կիլիկիո կաթողիկոսության հայցի հավանական հետևանքները

Աշխարհասփյուռ հայությունը ողջունեց Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան ապրիլի 27-ին դատական հայց ներկայացնելու համար՝ Սիսի իր պատմական նստավայրը վերադարձնելու պահանջով, որն այժմ գտնվում է Թուրքիայի Ադանա նահանգի Կոզան շրջանում: Կիլիկիո կաթողիկոսության նախկին աթոռանիստ կենտրոնը, որը հիմնադրվել է 1293 թվականին, բռնագրավվել էր թուրքական իշխանության կողմից 1921 թվականին՝ Հայոց ցեղասպանության տարիներին:

Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց, որ եթե թուրքական դատարանը մերժի հայցը, Կաթողիկոսությունը մտադիր է դատարանի որոշումը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը պահանջում է սպառել բոլոր ներքին դատական ատյանները մինչև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների դեմ հայց  հարուցելը: Թուրքիայի կողմից Եվրադատարանի որոշումներն ընդունելուն թերահավատորեն վերաբերողները պետք է իմանան, որ Թուրքիայի Հանրապետությունը ենթարկվել է իր դեմ բոլոր վճիռներին՝ Եվրադատարանի իրավասությունը 1990 թվականին ճանաչելուց ի վեր:

Կաթողիկոսության հայցը շրջադարձային դեպք է մի շարք պատճառներով.

– Այն նպատակ ունի մասնակիորեն վերականգնել Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային, նյութական և տարածքային կորուստները:

Կարդացեք նաև

– Այն տեղափոխում է «Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Հայ դատի ջանքերը դեպի դատաիրավական ոլորտ», ինչպես նշեց Արամ Ա կաթողիկոսը:

– Այն կարող է նախադեպ հանդիսանալ նմանատիպ իրավական պահանջների համար, ինչպես Արամ Ա կաթողիկոսը տեղեկացրեց «Նյու Յորք թայմս» թերթին անցյալ ամիս. «Հարյուր տարի անց, ես կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ շեշտը դնենք հատուցման վրա…. Սա առաջին իրավական քայլն է, որին պետք է հետևի՝ բոլոր եկեղեցիները, վանքերը և եկեղեցապատկան ունեցվածքը, և վերջապես, մասնավոր սեփականությունը վերադարձնելու պահանջը»:

Չնայած դատական հայցով Կաթողիկոսության հետապնդած վեհ նպատակներին՝ անցյալ շաբաթ տարաձայնություն առաջացավ հայկական համայնքում, երբ մի քանի կայքեր և թերթեր հաղորդեցին, թե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայի կառավարությունից պահանջել է «կամ վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը կամ վճարել 100 միլիոն թուրքական լիրայի (37 միլիոն դոլար) փոխհատուցում»: ամերիկահայ հանրածանոթ ղեկավար դեմքերից մեկը՝ Կարո Արմենյանը նախազգուշացնող հոդված գրեց՝ «Մեր սրբավայրերը սեփականություններ չեն» վերնագրով: Նա ընդգծեց, որ Կաթողիկոսության հայցը «մի շարք հարցականներ է հարուցում, որոնք այսօրվանից պետք է անցնեն մեր հավաքական փորձաքննության բովով՝ անցանկալի նախադեպերը կանխելու խոհեմ նախանձախնդրությամբ»: Նա նաև հորդորեց Կաթողիկոսությանը հստակեցնել փոխհատուցման գումարի հարցը, եթե լուրերը ճշգրտորեն չեն արտացոլում դատական հայցի բովանդակությունը:

Նման հստակեցում ստանալու ակնկալիքով անցյալ շաբաթ ես կապ հաստատեցի Կաթողիկոսարանի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբություն Արամ Ա կաթողիկոսի օգնական Հայր Հուսիկ Մարտիրոսյանն  էլեկտրոնային նամակով ինձ հավաստիացրեց, որ «Կաթողիկոսության հայցը միայն մեկ հստակ նպատակ ունի՝ Կիլիկիո կաթողիկոսարանի վերադարձը»:

Ի պատասխան դատական հայցի պատճենն ինձ ուղարկելու խնդրանքին՝ հայտնի միջազգային իրավաբան և Կաթողիկոսարանի գլխավոր փաստաբան Փայամ Ախավանն ասաց, որ «հնարավոր չէ կամ նպատակահարմար ամբողջ դիմումը փոխանցել այս փուլում, երբ այն դեռ գտնվում է Թուրքիայի Սահմանադրական դատարանի վարույթում»:

Իրավաբան Ախավանը դրամական փոխհատուցմանը վերաբերող հարցերին տվեց հետևյալ բացատրությունը. «Թուրքիայի Սահմանադրական դատարանի առջև դրված հիմնական պահանջն է՝ վերադարձնել Սբ. Սոֆիայի վանքը և տաճարը, թե որպես Կաթողիկոսության սեփականության իրավունքի, թե նաև հայ ժողովրդի համար կրոնական մեծ նշանակության պատճառով: Հայցով փոխհատուցում չի պահանջվում, հաշվի առնելով, որ սա անձնական սեփականություն չէ, այլ կրոնական և պատմական կարևոր նշանակություն ունեցող գույք: Սակայն, մեր թուրք փաստաբանը խորհուրդ տվեց, որ համաձայն թուրքական օրենքների ու ընթացակարգերի, գույքային իրավունքների պահանջի (և ոչ թե կրոնական իրավունքի պահանջի) հետ կապված, անհրաժեշտ է Կաթողիկոսության կողմից վերապահել փոխհատուցում պահանջելու այլընտրանքային իրավունքը՝ նախնական գումար նախատեսելու պայմանով…. Սակայն, ցանկանում եմ ընդգծել, որ հայցը փոխհատուցման համար չէ, այլ կալվածքի վերադարձի համար, որը կարող է օգտագործվել կրոնական պաշտամունքի և դրա հետ կապված մշակութային նպատակների համար»:

Ես կապվեցի Ստամբուլում բնակվող մի անկախ իրավաբանի հետ, ով հաստատեց, որ թուրքական օրենքն իսկապես պահանջում է կոնկրետ արժեք նշել սեփականության իրավունքի հարցով դատական վեճերի դեպքում:

Այժմ, երբ ֆինանսական հարցում հստակություն մտցվեց, այլ կարևոր խնդիրներ են ծառանում Կաթողիկոսության և հայ ժողովրդի առջև: Հնարավոր է, որ որոշ հարցերի բարձրաձայնումը մի փոքր վաղաժամ է, սակայն միգուցե  հայերը ցանկանան անդրադառնալ դրանց, որպեսզի կանխատեսեն թուրքական և եվրոպական դատարանների կողմից կայացրած որևէ հնարավոր որոշման հետևանքները.

1) Ի՞նչ է պատրաստվում անել Կաթողիկոսարանը, եթե թուրքական դատարանը կամ կառավարությունը թույլ տա վերականգնել Սիսի եկեղեցին և դրա օգտագործումը կրոնական պաշտամունքի համար՝ առանց սեփականության իրավունքի վերադարձի Կաթողիկոսությանը: Բացի այդ, ի՞նչ է անելու, եթե Թուրքիայի կառավարությունը նաև առաջարկի դրամական փոխհատուցում եկեղեցական նստավայրի վերակառուցման համար՝ առանց փոխանցելու գույքային իրավունքը:

2) Այն դեպքում, եթե թուրքական դատարանը կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացնի Սիսի եկեղեցու ունեցվածքը վերադարձնելու մասին, արդյոք Կաթողիկոսությունը կտեղափոխվի՞ իր պատմական նստավայրը, թե՞ կշարունակի տարագրության մեջ ապրել Անթիլիասում (Լիբանան):

Հաշվի առնելով թուրքական կառավարության վերջերս կատարած առաջարկները ասորական և սիրիական եկեղեցիների առաջնորդներին՝ վերադառնալու Թուրքիայում գտնվող իրենց պատմական նստավայրերը Սիրիայում ժամանակավոր տարագրությունից հետո, Թուրքիայի ղեկավարները կարող են հայկական դատական հայցը պատճառաբանելով՝ համոզել իրենց ներքին հակառակորդներին, և նման առաջարկ ևս ներկայացնել Կիլիկիո կաթողիկոսությանը:

Նախագահ Էրդողանը կարող է նման ժեստ անել հետևյալ երեք պատճառներով.

1) Կանխել Եվրադատարանի վճիռը հօգուտ Կաթողիկոսության և խուսափել իրավական նախադեպ ստեղծելուց հետագա հայկական հայցերի համար.

2) Փիարի հաղթանակ արձանագրել միջազգային շրջանակներում, հատկապես նախորդ կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո.

3) Տնտեսական օգուտներ քաղել Սիսում Կիլիկիո կաթողիկոսարանի պատմական նստավայր ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկներից և հայ այցելուներից:

Հարութ Սասունյան
«
Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս