Կառավարության վստահության քվեն` խորհրդարանում

Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ հունիսի 10-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը:

Ներկա էին կառավարության անդամները` վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Օրակարգում կառավարության գործունեության ծրագրին հավանության տալու հարցն էր։

Խորհրդարանին ներկայացնելով կառավարության վստահության հարցը՝ վարչապետը նշել է, որ 2015-2017թթ. գործունեության ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության, Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի, կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագրի դրույթները, ինչպես նաեւ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ծրագրային դրույթների ընդհանրությունները: Արայիկ Հարությունյանն իր ելույթում ներկայացրել է կառավարության գործունեության հիմնական գերակայությունների ապահովման համար ստանձնած պարտավորություններն ու նախատեսված ծրագրերը։ Վարչապետն առանձնացրել է չորս գերակա ուղղություն. տնտեսական զարգացում եւ աճի կայուն տեմպերի ապահովում, հասարակության բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ եւ արժանապատիվ պայմանների ստեղծում, պետականաշինությունն ու պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացում, ԼՂՀ միջազգային ճանաչում եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում։

Պատգամավորների՝ գործադիրի ղեկավարին ուղղված հարցերը վերաբերում էին կառավարության գործունեության ծրագրի առանձին դրույթներին, մասնավորապես գյուղական համայնքների զարգացմանը, կառավարման ապակենտրոնացմանը, Արցախում ներդրումային ընկերությունների գործունեությանը, էներգետիկ համակարգի զարգացմանը, ընդերքի օգտագործման մեջ պետության մասնաբաժնին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, գյուղատնտեսության սուբսիդավորմանը և ապահովագրման համակարգի ներդրմանը, պաշտպանության համակարգին, կրթության, առողջապահության, և այլ ոլորտներին։

Մտքերի փոխանակության ընթացքում կառավարության գոծունեության ծրագրի մասին իրենց տեսակետներն են հայտնել «Վերծանունդ», «Շարժում-88» եւ «Հայրենիք» խմբակցությունների ղեկավարները։

Արայիկ Հարությունյանը, եզրափակիչ ելույթում անդրադառնալով նաև հնչած տեսակետներին, ընդգծել է, որ ներկայացված ծրագրի իրականացումը հնարավոր է միայն գործադիր-օրենսդիր համագործակցության պայմաններում։

Հիմք ընդունելով կանոնակարգային ընթացակարգը՝ խորհրադարանի նախագահը հայտարարել է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած: 24 ժամ հետո` հունիսի 11-ին` ժամը 12:50-ին, կհրապարակվի Ազգային ժողովի որոշումը:

Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես գալով առաջին նստաշրջանն ամփոփող եզրափակիչ ելույթով՝ նշել է, որ խորհրդարանը ձեւավորել է իր մշտական մարմինները, կազմավորվել են հանձնաժողովներն ու խմբակցությունները: Խորհրդարանում ընթացող 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի հանձնաժողովային քննարկումների ավարտից հետո` հունիսի վերջին տասնօրյակում օրենսդրական հարցերի քննարկման նպատակով կհրավիրվի արտահերթ նստաշրջան:

ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս