ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին
ՀՀ տնտեսությունը հայտնվել է ռեցեսիայի փուլում և դրա պատճառը կառավարության՝ իբրև գործադիր մարմնի, ոչ բավարար աշխատանքն է: Այս մասին այսօր Աժ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ փոխարեն կառավարությունը վերանայեր մոտեցումներն անցած տարի ապրիլից հետո, շարունակեց նույն ձևով: Մինասյանը նշեց, որ կենսաթոշկային բարեփոխումների հետևանքով 10 մլրդ դրամ դուրս է եկել տնտեսությունից ու ներքին պարտքը գնացել է պարտատոմսերի տեսքով ֆինանսավորելուն, և 6-7% գնալու է որպես կենսաթոշակ, փոխարեն պետական գումար լիներ: Այսինքն, ըստ նրա՝ այդքան բեռ անիմաստ տեղը դրվում է պետբյուջեի վրա: Մինասյանի կարծիքով՝ այսօր տրամաբանություն չկա այս գործողության մեջ՝ բյուջետային գումարը տալ մասնավորին, հետո գնալ տոկոսով պարտք վեցնել. «Սա ցույց է տալիս կառավարության իրավիճակային վարքագիծը, ոչ թե ռազմավարական ուղղվածությունը»:
Ա.Մինասյանը հիշեցրեց, որ գործազրկության նպաստը հանվեց անցած տարի ու փոխարենը աշխատաշուկան պետք է ակտիվացնեին, բայց այսօր գործազրկությունն ավելի շատ է: Ըստ նրա՝ կառավարությունը չի խոսում սխալների և դրանք ուղղելու մասին, և նույն տրամաբանությունն է դրսևորում հետագայում էլ, օրինակ 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ նորից փորձեց «պուպուշ» երևալ, թե աճ կլինի, ստեղծեցին սպասումներ, բայց հետո մեղքը բարդեցին միջազգային զարգացումների վրա:
«Իմ խորին համոզմամբ և մեր խմբակցության խորին համոզմամբ՝ 2014 թ. բյուջեի կատարողականը, ինչպես որ անմխիթար ձևով հաստատվեց 2014թ. բյուջեն, նույն անմխիթար վիճակով էլ ներկայացվում է կատարման շրջանակներում»,- ասաց Ա.Մինասյանն ու հավելեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին և հորդորեց կառավարությանը՝ վերանայել կանխատեսումների տեխնոլոգիան՝ հետագա խնդիրերից խուսափելու համար: