Կմարվեն Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած պարտքերը

ՀՀ կառավարությունն ընդունել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալներն ավելացնելու և «ՀՀ 2015 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու» որոշում: Որոշվել է «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված փոխառությունների չափով՝ 17մլրդ 968 մլն 800 հազար դրամով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը՝ վերը նշված փոխառությունների պահանջների իրավունքները փոխանցելով ՀՀ սեփականությանը, և այնուհետև 2015թ. պետբյուջեի միջոցներով վճարել թվարկված ՓԲԸ-ների կողմից լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց, իսկ ընկերություններն այդ գումարով կմարեն Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած իրենց պարտքը:

ՀՀ կառավարությունը որոշել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1 մլրդ դրամ: Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության և ձկան վերամշակման գործարաններ: Մանրաձկան տնտեսությունում կիրականացվի կենսական շրջափուլերի ամբողջական ապահովումը՝ մայրական վտառի կազմավորումից մինչև կենսունակ մանրաձկան տեղափոխումը Սևանա լիճ, կերաշխավորվի իշխանի էկոլոգիական կայուն արտադրությունը: Գյուղատնտեսության նախարարությանը ևս 15 մլն դրամ է հատկացվել Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար:

Տեսանյութեր

Լրահոս