Բաժիններ՝

«Մեզանից ոչ մեկն էլ գործիք չէ, երբեք չենք էլ եղել, չենք էլ օգտագործվի». «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամը՝ քաղաքական ուժերի կողմից շարժումն օգտագործելու մասին

«Անկախ քաղաքական ուժ լինել-չլինելուց՝ սա բոլորի խնդիրն է, բոլորի լույսն էլ թանկանում է, մենք չենք կարող որևէ մեկին ասել՝ մի պայքարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ դեմ չե՞ք, որ քաղաքական ուժեր և հասարակական կազմակերպություններ միանան ձեզ:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները կարծում են՝ բոլորն աշխատանքից դուրս ՀՀ քաղաքացիներ են, և ով ցանկանում է, ով գտնում է, որ այս հարցի լուծման համար ինքը կարող է դերակատարում ունենալ, իհարկե, պետք է մասնակցի:

168.am-ի հարցին՝ տեսակետներ կան, թե քաղաքական ուժերի ներգրավումը շարժման մեջ կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ շարժման վրա, ի՞նչ եք անելու, որ այդ քաղաքական ուժերը ձեր պայքարը չօգտագործեն դիվիդենտներ շահելու համար, նախաձեռնող խմբի անդամ Լևոն Զաքարյանն այսպես պատասխանեց.

«Դուք՝ լրագրողներով, որ գալիս եք, կա՞ նման մտավախություն, որ դուք այդ շարժումը կվերցնեք ձեր ձեռքում, ու դա կդառնա լրագրողական շարժում: Ինչպես հիշում եք, մեր հավաքը մեկն է դեռ եղել, որի ժամանակ հանդես են եկել Գևորգ Սանասարյանը և ես, ուրիշ ոչ ոք հանդես չեկավ և ելույթ չունեցավ: Իսկ հանրային քննարկումների հարթակն ազատ է, այդ դեպքում խտրականություն կդառնա, որ մեկին հանկարծ չթողնենք ելույթ ունենալ»:

Նախաձեռնության անդամները նշում են, որ «ինչ-որ հատուկ ձևով» չեն պայքարում, որ քաղաքական կուսակցությունները պայքարն իրենց ձեռքը չվերցնեն, ուղղակի անընդհատ հայտարարում են, որ դա կուսակցական պայքար չէ, և բոլոր նրանք, ովքեր մասնակցում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին, հանդես են գալիս՝ որպես ՀՀ քաղաքացիներ:

Մ. Սարգսյանն էլ հայտարարեց, թե իրենցից ոչ մեկն էլ գործիք չէ, երբեք չեն էլ եղել ու չեն էլ օգտագործվի. «Մայիսի 27-ի երթից և դրան նախորդող հավաքից հետո, կարծում եմ՝ բոլորի համար պետք է պարզ լիներ, որ նման ֆորմատով է շարունակվելու: Մեր պահանջը և այս խնդիրն այնպիսին է, որ իրեն օգտագործել հնարավոր չէ՝ անգամ ամենամեծ ցանկության դեպքում: Այստեղ կա հստակ խնդիր և պահանջ՝ ուղղված հստակ մարդկանց»:

Մեր հարցին՝ «Ալյանս» կուսակցությունը հունիսի 10-ին բողոքի ակցիա է իրականացնելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, Դուք կմասնակցե՞ք այդ ակցիային, «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանն այսպես պատասխանեց. «Քանի որ նշեցինք, որ սա բոլորի թեման է, յուրաքանչյուր ուժ իրավունք ունի իր ձևով գնալ հարցի լուծմանը: Մենք կոնկրետ ունենք հստակ ուղղություն և ողջունում ենք ցանկացած նմանատիպ քայլերը, իսկ մասնակցել մենք կարող ենք՝ որպես առանձին ՀՀ քաղաքացիներ»:

Լ. Զաքարյանն էլ հավելեց, որ պաշտոնապես հայտարարություն չեն արել, ու հետևաբար՝ որպես «Ո՛չ թալանին» նախաձեռնություն՝ միանալու խնդիր չկա. «Բայց թե՛ նախաձեռնության անդամները, թե՛ մնացած բոլոր մարդիկ, ովքեր մեզ վստահում են և գալիս են մեր հավաքներին, ազատ են իրենց որոշումների մեջ՝ մասնակցե՞լ «Ալյանսի» կազմակերպած ակցիային, թե՞ ոչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս