«Չեմ ընդունում այն տարբերակը, որ եթե Հանրապետական ես, պետք է առավելություն ունենաս». ՀՀԿ-ական գործարար
«Այստեղ չկա յուրային, կամ ոչ ուրային: Օրենքը բոլորի համար պետք է լինի հավասար: Ի՞նչ կապ ունի` ես ՀՀԿ-ական եմ, կամ՝ չեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանը (գարեջրի Հակոբ):
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանին է պատկանում «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն, որն արտադրում է «Կիլիկիա» գարեջուրը: Անցած տարի նրան տուգանել են 1.5 միլիոն դոլարով: Հակոբյանը ՊԵԿ որոշումը բողոքարկել է դատարանում:
Նա նշեց, որ դատարանում վերջնական որոշում կկայացվի, այն ժամանակ կերևա՝ կհաղթե՞ն, թե՞ ոչ: Հակոբյանը հրաժարվեց քննարկել՝ օրինակա՞ն է եղել հարկայինի որոշումը, թե՞ ոչ: Նա նշեց, որ դատավարությունը բավականին օբյեկտիվ է ընթացել.
«Չեմ ընդունում այն տարբերակը, որ եթե Հանրապետական ես, պետք է առավելություն ունենաս: Ես բիզնեսին մոտ կանգնած մարդ եմ, պատգամավոր եմ 2007 թվականից, իմ բիզնեսները երբեք արտոնություն չեն ունեցել»: