Բաժիններ՝

«Բարսելոնա»-«Յուվենթուս». հայ մարզական լրագրողների կանխատեսումները

Հունիսի 6-ին կկայանա ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Այս խաղի վերաբերյալ քննարկումներն ու կանխատեսումներն անսպառ են, կարծիքները՝բազմապիսի:

168.am-ը խոսել է հայկական հեռուստաալիքներում և առցանց մամուլում գործող մարզական լրագրողների հետ՝պարզելու, թե ինչպիսի կանխատեսումներ ունեն նրանք:

eduard-kalantaryanԷդուարդ Քալանթարյան. «Կարծում եմ՝ խաղը կընթանա «Բարսելոնայի» հսկայական առավելությամբ: Ոչ միայն այն բանի համար, որ կատալոնցիների ոճն է այդպես թելադրում, այլև նրա, որ «Բարսան» այսօր շատ ավելի լավ տոնուսի մեջ է: Էնրիկեի թիմը հաղթում է և հաճույք ստանում իր խաղից: « Յուվենթուսի» շանսը բետոնե պաշտպանությունն է (ոչ առանց բախտի գործոնի) և գրեթե 100 տոկոսանոց արդյունավետությունը հակագրոհների ու ստանդարտների ժամանակ: Իտալական ակումբի հաջողությունը մեծապես կախված կլինի Բուֆոնի խաղից: Իմ կանխատեսումն է՝ 2:0՝ «Բարսելոնայի» օգտին»:

BurnuchyanԳևորգ Բուռնուչյան. «Իմ կարծիքով՝ բացահայտ ֆավորիտը «Բարսան» է: Բայց կուզեմ մի քիչ հետ գնանք: «Բարսա». Հոկտեմբերի վերջին շաբաթ՝ պարտություն Սուպերկլասիկոյում 1:3 հաշվով, հետո տնային պարտություն «Սելտայից», որից հետո Էնրիկեն մամլո ասուլիսին հայտարարում է՝ «Մեզ այս մրցաշրջանում հաղթանակներ են սպասում». խոսքեր, որ լուրջ չընդունվեցին: Հետո հունվարյան ճգնաժամ՝ պարտություն «Սոսիեդադից», Սուբիսարետայի հեռացում, Մեսսի-Էնրիկե կոնֆլիկտ, վերջինիս հեռացման ասեկոսեներ…

Կարդացեք նաև

Բայց ժամանակը ցույց տվեց, որ Էնրիկեն նոր թիմ է կառուցում, որը խաղային գրեթե ոչ մի զուգահեռ չունի Պեպի թիմի հետ: Մի բան պարզ է. համաշխարհային ֆուտբոլում որևէ թիմ չի ունեցել MSN-ի նման հարձակողական եռյակ:

«Յուվե». Մրցաշրջանից առաջ գլխավոր մարզիչ է նշանակվում Ալլեգրին: Թուրինյան tuttosport-ի կայքում հարցումներով բյանկոների 60%-ը թերահավատորեն է ընդունում այս նշանակումը: Բայց հանգիստ, միշտ էմոցիաները պահող Ալլեգրին չի քանդում այն, ինչ կառուցել էր Կոնտեն, բայց կատարում է իր հղկումները: Արդյունքը՝ երկու տիտղոս Իտալիայում և այդքան սպասված ՉԼ եզրափակիչ:

Ինչո՞ւ եմ ցանկանում, որ հաղթի « Յուվեն». Առաջին հերթին՝ այն վաստակել են բյանկոների երկրպագուները: Կալչիոպոլի, Սերիա Բ, այդքան քաշքշուկներ, սկանդալներ… բայց թիմը կենդանացավ: «Յուվեի» երկրպագուների մի ամբողջ սերունդ չի տեսել եվրոպական հաղթանակներ: Այս հաղթանակը պետք է նաև իտալական ֆուտբոլին, ով հիմա խորը փոսում է:

Ինչո՞ւ եմ ցանկանում, որ հաղթի «Բարսան». Սա կլինի նոր « Բարսայի» սկիզբը: Կրկին շեշտեմ, սա Պեպի «Բարսան» չէ, ում դեմ հակաթույնը մի քանի տարում գտան: Սա նոր թիմ է, որի դեմ արդեն հաջորդ մրցաշրջանում պայքարելու նոր տակտիկական լուծումներ կառաջարկվեն: Այս հաղթանակը շատ կօգնի Բարտումեուին դառնալ առաջիկա նախագահական ընտրությունների գլխավոր ֆավորիտ: Հաղթանակը կնշանակի նաև, որ պետք չէ սպասել հունվարին, և հենց խաղից հետո Մեսսիին պետք է տալ Ոսկե Գնդակը:

P.S. Ես չեմ երկրպագում երկու թիմերից և ոչ մեկին: ԹՈՂ ՀԱՂԹԻ ՖՈՒՏԲՈԼԸ»:

Armen NikoxosyanԱրմեն Նիկողոսյան. «Ակնհայտ ֆավորիտ է «Բարսան»։ Եթե հաշվի անենք, որ «Յուվեի» պաշտպանության առանցքային ֆիգուրներից Կյելինին չի խաղալու, ապա «Բարսայի» հաղթանակի շանսերն դառնում են գրեթե 100 տոկոս։ Եթե «Բարսան» արագ գոլ խփի, ապա կարող է գրանցվել անգամ մեծ հաշիվ։ Բայց ես հույս ունեմ, որ «Յուվեն» անակնկալ կմատուցի։ 30 տարի առաջ «Յուվեն» լիգայի ամենաողբերգական եզրԱփակչում նվաճեց գավաթը Պլատինիի խփած գոլի շնորհիվ։ Խորհրդանշական կլինի, եթե 30 տարի անց «Յուվեն» կրկին նվաճի եվրոպայի ուժեղագույն թիմի տիտղոսը ու գավաթը ստանա նույն Պլատինիից»։

Davit GalstyanԴավիթ Գալստյան. «Չեմպիոնների լիգայի եզրափակչում այս անգամ իտալական և իսպանական ֆուտբոլի հետաքրքիր դիմակայություն ենք դիտելու՝ ամենաբարձր մակարդակով: Կարծում եմ՝ «Յուվենթուսին» արդեն իսկ հաջողվել է, ինչպես ասում են, ցատկել իր իսկ գլխից բարձր, ու հաջողությունը կուղեկցի կատալոնացիներին: Արդյունքում՝ «Բարսելոնան» երջանիկ կլինի հերթական մեծ տիտղոսը նվաճելու համար, իսկ «Յուվենթուսի» երկրպագուներն ուրախ կլինեն, որ իրենց թիմը վերադարձել է եվրոպական ֆուտբոլի էլիտա, և այս փուլում եզրափակչում խաղալն էլ հաջողություն է:

Սակայն այդ ամենը կլինի համառ, լարված ու հետաքրքիր խաղի արդյունքում»:

Robert GasparyanՌոբերտ Գասպարյան. «Իմ կարծիքով՝ խաղը կարող է զարգանալ երկու սցենարով. Եթե առաջինը հաջողության հասնի «Յուվենթուսը», ինչին հակված եմ հավատալուն, խաղի հետագա ընթացքը կլինի ավելի նյարդային, կհետևենք կոշտ ու երբեմն նաև՝ կոպիտ պայքարի: Ասել է թե` տղամարդկային ֆուտբոլ: Եթե առաջինը գոլ խփի «Բարսելոնան», «Յուվենթուսին» շատ դժվար է լինելու բեկել հանդիպման ընթացքը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ «Յուվենթուսը» գրեթե միշտ առաջինն է գրավում մրցակցի դարպասը: Եվ երբ հաջողվում է դա անել, հետևում է իտալական ավանդական կատենաչո` դե արի ու անցիր այդ պաշարումը:

Արդյունք կանխատեսելն ամենաանշնորհակալ գործն է, բայց ես հավատում եմ, որ խաղում գրանցվելու է 3 գնդակ, որոնցից 2-ը խփելու է «Յուվենթուսը»` 2:1` հօգուտ «Ծեր Սենյորայի»»:

Grigor AvetisyanԳրիգոր Ավետիսյան. ««Բարսելոնան» այսօր մի գլուխ ուժեղ է մրցակցից: Սրա հետ չհամաձայնելու համար պետք է նվազագույնն անիրատես լինես ու ֆուտբոլից չհասկանաս ոչինչ: Բայց եզրափակչում այս պահի դրությամբ աշխարհի երկու լավագույն թիմերն են: Արդեն ոսկե դուբլ արած երկու թիմերը գնում են հեթ-տրիկի հետքերով, ու կասկած չկա, որ անզիջում պայքար է լինելու, թեև յուրաքանչյուրն ունի իր ֆավորիտը: Ես ակնկալում եմ լարված խաղ: Որ թիմն էլ հաղթի, անկախ նրանից` դա կլինի իմ սրտո՞վ, թե՞ ոչ, պետք է համաձայնեմ, ու վերջ: Ակնկալում եմ ամենակարևորը` արդար խաղ, որպեսզի յուրաքանչյուրը հաճույք ստանա, քանի որ այսպիսի խաղ տարին մեկ անգամ է լինում: Երկրորդը` ուզում եմ գոլառատ խաղ:

Իմ համեստ կարծիքով՝ հանդիպումը կավարտվի 2:2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում «Բարսելոնան» կհաղթի»:

 

 

ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս