Բաժիններ՝

Հայաստանը «Բազմաթիվ գույների գալակտիկաներում»

Հունիսի 1-5-ին Շվեդիայի Մարստրանդ քաղաքում՝ գեղատեսիլ Կարլսբերգ ամրոցում, տեղի կունենա «Բազմաթիվ գույների գալակտիկաներ․ աստղառաջացումը տիեզերական ժամանակի ընթացքում» («Galaxies of Many Colours: Star Formation across Cosmic Time») թեմայով աստղագիտական կոնֆերանսը, որին մասնակցում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իրանի, Կանադայի, Հայաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Չիլիի, Թայվանի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի 55 գիտնականներ: Մասնակիցների թվում են այնպիսի ճանաչված գիտնականներ, ինչպիսիք են Դեյվիդ Սանդերսը, Նիք Սքովիլը, Մաթ Լեներտը, Սյուզան Աալտոն, Ջեյ Գալախերը, Ջին Թերները, Լեսլի Հանթը և այլք։ Կոնֆերանսին կքննարկվեն բազմաթիվ զեկուցումներ, որոնք բաժանված են մի շարք նստաշրջանների` «Ակտիվ գալակտիկաների սնուցումը և շրջապատի հետ հետադարձ կապը», «Ակտիվ միջուկների և աստղառաջացման կապը», «Միջաստղային միջավայրի հատկություններն առանձին աստղառաջացման տիրույթներում», «Միջաստղային միջավայրի հատկությունները գալակտիկաների սանդղակներում», «Աստղառաջացումը ցածր մետաղականության միջավայրում», «Աստղառաջացումը փոխազդող գալակտիկաներում» և «Աստղառաջացումը դարավոր էվոլյուցիա ապրող գալակտիկաներում»:

Հայաստանից կոնֆերանսին մասնակցում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը։ Նրա զեկուցումը նվիրված է «Ենթակարմիր դիտումներից ընտրված Բյուրական-IRAS գալակտիկաների աստղառաջացման տեմպերը» թեմային։

Կոնֆերանսի շրջանակներում տեղի կունենան նաև մշակութային միջոցառումներ` շրջագայություններ, ճաշկերույթ և այցելություն Օնսալայի տիեզերական աստղադիտարան: Կոնֆերանսը հատկապես կարևոր է աստղագիտության մեջ ներկայումս իրականացվող խոշորածավալ նախագծերի և մեծ տվյալների ստացման դարաշրջանում գալակտիկաների էվոլյուցիայի և աստղառաջացման սցենարները վերագնահատելու համատեքստում։

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս