
«Եվրոպացի գործարարները հետաքրքրված չեն Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում». Բագրատ Առաքելյան

«Ներդրում անող գործարարին կայունություն և կոռուպցիայի գոնե ցածր մակարդակ է անհրաժեշտ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը, ով օրերս մասնակցել է Պրահայում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և հայ գործարարների հանդիպմանը:
Հարցին, թե որքանո՞վ են եվրոպացի գործարարները հետաքրքրված ՀՀ-ում ներդրումներ անելու հարցում ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո, նա պատասխանեց, որ յուրաքանչյուր գործարար ներդրումային ծրագրեր սկսելուց առաջ մտածում է այն երկրի կայունության և կոռուպցիայի մակարդակի մասին, որում պատրաստվում է ներդրումներ կատարել:
«Հայաստանում այսօր, ցավալի է, բայց այդ նախապայմանները չկան՝ ո՛չ կայուն տնտեսություն, ո՛չ քիչ մակարդակի կոռուպցիա, գործում է քրեաօլիգարխիկ համակարգ, որը սահմանափակում է Հայաստանի գրավչությունը, հիմնական ուղղություններով առևտուր անելու հնարավորությունը:
Ուստի Հայաստանում չեն աշխատում միջազգային, համաշխարհային հսկայական ցանցերը, որոնք հնարավորություն ունեն իրենց հաճախորդներին մատակարարել սննդի, կենցաղային տեխնիկայի ավելի ու ավելի մատչելի ու որակյալ ծառայություններ: Նույն Չեխիայում գործում են տարբեր ցանցեր, բայց իրենք իրար հետ մեծ մրցակցության մեջ են և դրա հետևանքով իրենց ապրանքների թե որակն է տարեցտարի բարձրանում, թե գինն է նվազում, որպեսզի հենց իրենց ապրանքը գնվի: Իսկ Հայաստանում այդ սիստեմը չի գործում, որովհետև Հայաստանը թաղված է մենաշնորհների, կապերի մեջ: Չեմ բացառում, որ որևիցե չեխ բիզնեսմեն ծրագիր սկսի Հայաստանում, բայց դա ընդամենը ապագայի համար ինչ-որ հիմնաքար կարող է լինել, ոչ ավելին: Լուրջ ներդրումները ներկայիս պայմաններում իրատեսական չեմ համարում»,- նշեց է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: