Աճ՝ հաճույքի շնորհիվ
Ծառայությունների ոլորտը Հայաստանում այս տարվա հունվար ապրիլ ամիսներին գրանցել է 3.1% աճ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ ծառայությունների ծավալը կազմել է 341.9 մլրդ դրամ։
Ինչի՞ հաշվին է գրանցվել այդ աճը։ Ծառայությունների ծավալները ըստ առանձին տեսակների դիտարկելու դեպքում միանգամից աչքի է զարնում մեկ կոնկրետ տեսակի կտրուկ աճը։ Խոսքը վերաբերում է մշակույթ, զվարճություններ և հանգիստ ուղղությանը։ Այս ոլորտի ծառայությունների ծավալը 2015թ. հունվար-ապրիլին կազմել է շուրջ 45.8 միլիարդ դրամ, ինչը 82.3%-ով գերազանցում է 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Նշենք, որ այս ուղղության մեջ մտնում են նաև խաղատները։
Երկնիշ աճ գրանցել է նաև ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտը, սակայն աճի տեմպը մի քանի անգամ ցածր է՝ 13.9%։
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում ծառայությունների ծավալն աճել է 6.7%-ով՝ հասնելով 16.9 մլրդ դրամի, իսկ վարչարարական և օժանդակ գործունեության, ինչպես նաև՝ սպասարկման այլ ծառայությունների աճը կազմել է 1.1-ական տոկոս։
Ծառայությունների մյուս տեսակները հաշվետու ժամանակահատվածում նվազել են։ Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում անկումը կազմել է 2%, կրթության ոլորտում՝ 2.4%, տեղեկատվություն և կապի ոլորտում՝ 4.3%, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում՝ 6.2%, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում՝ 7.4%, տրանսպորտի ոլորտում՝ 29.7%։