«Ոչ ըսենց եմ շփվում արտաբյուջեի հետ, ոչ ընենց եմ շփվում, յա». Վարդան Այվազյան

Այսօր Ազգային Ժողովում 2014 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ վիճաբանություն ծագեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանի միջև:

Վ.Այվազյանը ֆինանսների նախարարության պաշտոնյաներին հարցեր ուղղեց նախարարության՝ արտաբյուջեով կատարված աշխատանքների մասին, փոխնախարարներ Արմեն Ալավերդյանի և Ատոմ Ջանջուղազյանի պատասխաններին Վարդան Այվազյանը կասկածանքով վերաբերվեց՝ այնընդհատ նոր հարցեր տալով: Այս հանգամանքը բարկացրեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: Նա հետաքրքվեց, թե ինչո՞ւ է Վարդան Այվազյանը խորացել իրենց արտաբյուջեի հարցում և վրդովված ասաց. «Ինչքան ուզում եք խորացեք»:

«Ես չհասկացա, թե ինչու իմ առաջ քաշած հարցն ըտենց լուրջ անհանգստություն առաջ բերեց»,- տարակուսեց Վ,Այվազյանը: Գ.Խաչատրյանի խոսքով՝ երկու փոխնախարար բացատրում են, եթե արտաբյուջետային միջոցները բավարար չլինեն, տվյալ շենքը չի սարքվի. «Եթե ուզում եք խորացած քննարկեք, լուրջ խնդիր է, պետք է այն գերատեսչությունների հետ քննարկեք, որոնք ունեն արտաբյուջե՝ հասկանալու համար, թե ինչ նպատակով են ծախսում:

Երկուսով պատասխանում են, ասում եք՝ իրարամերժ բաներ կան, եթե կան, եկեք քննարկենք, հասկանանք: Լուրջ խնդիր է դա, տարիներ շարունակ այդ թեմային մարդիկ անդրադարձել են»,- ասաց նա:

«Ես նկատի չունեի հենց ձեր արտաբյուջեն, չգիտեմ ինչի ձեր արտաբյուջեի մասով մտածեցիք, որ ես ըտեղ եմ ուզում խորանամ կամ չխորանամ: Ընչի՞ վրդովվեցիք, չհասկացա, ոչ ըսենց եմ շփվում արտաբյուջեի հետ, ոչ ընենց եմ շփվում, յա»,- գործընկերոջը փորձեց հանգստացնել Վ.Այվազյանը:
Գայանե Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս