Ի՞նչն է խանգարում մեր տնտեսության զարգացմանը
Ի՞նչն է խանգարում մեր տնտեսության զարգացմանը: Այս հարցն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2014թ. բյուջեի քննարկումների ժամանակ, հնչեցրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ըստ նրա՝ մի երկիր, որից մարդիկ գնում են, ռեսուրսներ չկան, ուրեմն՝ քաղաքականության խնդիր է: «Որո՞նք են խնդիրները»,- հարցրեց պատգամավորը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ այդ հարցը շատ է տրվում, թե արտաքին աշխարհով պայմանավորված խնդիրներն ինչպես կարելի է լուծել, ինչպես դիմակայել մարտահրավերներին: Նա նշեց, թե մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, թեև չնչին, բայց ավելացել է, գյուղատնտեսության ոլորտում աճ կա, արտահանման և ներմուծման տեսակարար կշռի սալդոյի պակասեցում կա՝ հօգուտ արտահանման.
«Այսինքն՝ կան դրական ցուցանիշներ: Էկոնոմիկայի նախարարությունը շատ է մտածում, թե ինչ քայլեր ձեռնարկի, որ տնտեսությունը ակտիվացնի, կյանքը փոխի: Շատ ենք ուշադրություն դարձնում ինովացիոն տեխնոլոգիաներին: Դա փրկօղակ է լինելու մեր տնտեսության մեջ: Մենք դատապարտված ենք դրան»:
«Անընդհատ սպասում էի, որ կասեք՝ կոռուպցիա, մենաշնորհներ, ստվեր… ռիսկ չե՞ք անում ասեք դրա մասին»,- դժգոհեց Ա.Մանուկյանը:
Ըստ նրա՝ վարչապետը ներկայացնում է Վրաստանում հայկական ներդրումները, բայց չեն կարող ասել թեկուզ մի հայկական ընկերություն, որտեղ վրացիներն են ներդրում արել: