Կուրղինյանը հրաժարվում է տարիներ առաջ Երևանում աղմուկ բարձրացրած իր հայտարարությունից
«Աշխարհից չմեկուսացած երկրները չեն կարող բացարձակ ինքնիշխանություն ունենալ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մոսկվաբնակ քաղաքագետ, «Ժամանակի էություն» շարժման ղեկավար Սերգեյ Կուրղինյանը` պարզաբանելով մի քանի տարի առաջ Երևանում արած իր այն հայտարարությունը, թե Հայաստանին ինքնիշխանություն անհրաժեշտ չէ:
Նա հերքեց, որ տարիներ առաջ նման բան է ասել: Նրա վստահեցմամբ` դա իր ձևակերպումը չէ: Կուրղինյանի պարզաբանմամբ` ինքն ասել է, որ բացարձակ ինքնիշխանություն չունի ոչ մի երկիր: Նրա խոսքով` այս կամ այն երկրները, միանալով մեծ միությունների, պրոյեկտների, իրենց ինքնիշխանությունը ստիպված են լինում սահմանափակել: Եվ նրա գնահատմամբ, դա բնականոն երևույթ է:
«Եթե Ուկրաինան միանա ԵՄ-ին, կլինի՞ ինքնիշխան, իհարկե ոչ: Երկրներն ինքնիշխան են, քանի դեռ մեկուսացված են, եթե ոչ, ապա միանում է աշխարհաքաղաքակն ալիանսի և իր ինքնիշխանության մի մասը սկսում է ծառայել աշխարհաքաղաքական հզորությանը: ՀՀ-ն ԽՍՀՄ-ում չուներ ինքնիշխանություն բացարձսկ, բայց օգտվում էր ԽՍՀՄ հնարավորությունները: ԵՄ անդամակցությունը տալիս է աշխարհաքաղաքական հնարավորություններ, բայց ենթադրում ինքնիշխանության մի մասի զիջում»,- ասաց Կուրղինյանը: