Կուրղինյանը Երևանում կոչ է անում պայքարել նեոֆաշիզմի դեմ

«Հայաստանի ներսում նեոֆաշիզմի ուղիղ սպառնալիք չկա»,-այսօր այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մոսկվաբնակ, Կրեմլի գաղափարախոս համարվող  «Ժամանակի էություն»  շարժման ղեկավար Սերգեյ Կուրղինյանը՝ խոսելով «Ֆաշիզմը 21-րդ դարի ռեվանշիզմն է» թեմայի շուրջ:

Հարցին, թե ֆաշիզմը որքանո՞վ է ակտուալ Հայաստանի համար, Կուրղինյանը պատասխանեց, որ դա կախված նրանից, թե ինչպես է ընկալվում «նեոֆաշիզմ» տերմինը:

Ըստ նրա՝ եթե խոսք է գնում աշխարհի մեծ վերակառուցման, փոխակերպման մասին, ինչն այսօր տեղի է ունենում աշխարհում, ապա նեոֆաշիզմը գործիք է: Իսկ համաշխարհային զարգացումների տեսանկյունից, Կուրղինյանի համոզմամբ, Հայաստանի համար սա ակտուալ է: Սակայն նա նշեց, որ եթե նեոֆաշիզմը դիտարկենք անցյալի պատմության ռեցիդիվ, ապա գուցե այն ակտուալ չէ:

Սերգեյ Կուրղինյանը պարզաբանեց, որ Հայաստանը չունի նեոֆաշիզմի խնդիր երկրի ներսում, բայց երկրի սահմաններից դուրս կան նեոֆաշիզմի վտանգավոր դրսևորումներ, որոնք չեն կարող Հայաստանին անմասն թողնել:

Ըստ մոսկվաբնակ քաղաքագետի՝ գործում է Իսլամական պետությունը, որն իր նկատմամբ ուշադրություն է հրավիրում ինչպես երբևէ և ստանում է Հայաստանի հարևան Թուրքիայի աջակցությունը, այսինքն՝ Հայաստանի մեջքի ետևում այդ քամին խաղում է:

«Հայաստանը չի կարող այդ մեծ վերակառուցման ընթացքում իր մասնակցությունը չունենալ»,- ասաց Սերգեյ Կուրղինյանը՝ հավելելով, որ դա նշանակում է ՝ Հայաստանին սպառնում է նեոֆաշիզմը: Բանախոսն ասաց, որ Երևան կատարած իր այցը չի կրում իմպերիալիստական նպատակներ, այլ բացառապես մասնավոր է, որի ընթացքում հետևում է Երևանի կյանքին և փորձում քննարկման առարկա դարձնել այնպիսի թեմաներ, որոնց մասին քննարկումներ վարել մարդիկ չեն սիրում:

Ըստ նրա՝ մարդիկ Երևանում ապրում են իրենց խաղաղ և կայուն կյանքով, ունեն իրենց բազում խնդիրները, ինչպես տարիներ առաջ Դոնեցկի բնակիչները, իսկ դրանից երկու տարի անց Դոնեցկն ամբողջությամբ ավերված է, տապալված: Այսինքն, նրա վստահեցմամբ, ավելի լավ է սպառնալիքների՝ նեոֆաշիզմի, դեմն առնել դրանց գլուխ բարձրացնելուց առաջ, որպեսզի այն հետագայում անսպասելիորեն չընկնի Հայաստանի գլխին:

«Ես ուղիղ կանխատեսում չունեմ Հայաստանի մասին, ես կասեմ, որ Թուրքիայի վերաբերյալ ունեմ ուղիղ կանխատեսում: Թուրքական և տարածաշրջանային գործընթացները չեն կարող չանդրադառնալ ՀՀ-ի վրա, ՀՀ-ն կընդգրկվի մի գոտում, որտեղ անկանխատեսելի է ամեն բան»,- ասաց Սերգեյ Կուրղինյանը՝ շարունակելով, որ երիտթուրքական Թուրքիայի երազանքը եՄ անդամակցությունն էր, որի համար Թուրքիան պատրաստ էր որոշակի քայլեր իրականացնել, այդ թվում Հայոց ցեղասպանության ուղղությամբ, այնինչ ԵՄ-ն Թուրքիային թույլ չտվեց միանալ ԵՄ-ին, ասելով, որ մոդեռն Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում:

Դրա հետևանքով, նրա որակմամբ, Թուրքիան ընկել է փոփոխությունների մի փուլ, երբ երիտթուրքականից փոխակերպվում է քեմալականի:

«Արաբական երկրները ևս այս իրավիճակում հայտնվեցին: Հայաստանը այս քաոսային ծովում իր տեղը պետք է գտնի»,- ասաց նա: Խոսելով ՌԴ վարած քաղաքականության մասին՝ Կուրղինյանն ասաց, որ Պուտինը հակաիմպերիալիսատական քաղաքականություն է վարում:

Տեսանյութեր

Լրահոս