Արդյո՞ք շատ չենք մխրճվել տնտեսության մեջ. Արծվիկ Մինասյան

2014 թ. արդյունքներով պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 25.3%-ը` նախորդ տարվա 25.1%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները՝ ՀՆԱ-ի 23.5%-ը` նախորդ տարվա 23.4%-ի դիմաց:

Նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 6.9%, իսկ հարկային եկամուտներինը` 6.3%: Ընդ որում, հարկային եկամուտների աճը պայմանավորվել է հիմնականում ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի և այլ հարկային եկամուտների աճերով:

Այսօր այս մասին ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

2014 թ. հարկային մուտքերն ապահովվել են, չնայած նրան, որ երկրի տնտեսությունը կանխատեսված զարգացումը չի ունեցել՝ թե՛ տնտեսական աճի, թե այլ զարգացումների տեսակետից: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչի՞ հաշվին է դա տեղի ունեցել.

«Հարկեր-ՀՆԱ հարաբերությունն էականորեն աճել է նախորդ տարի: Այսպիսի պայմաններում, ինչպիսի՞ն է կառավարության գնահատականը Հայաստանի նախորդ տարվա տնտեսական զարգացումների վերաբերյալ: Արդյոք այս ցուցանիշը հնարավո՞ր է հետայսու պահպանել, թե՞ այնուամենայնիվ շատ ենք մխրճվել տնտեսության մեջ և տնտեսությունից այնքան գումար ենք արդեն հանել, որ հնարավոր է տնտեսությունն այս տարի ավելի բարդ վիճակում հայտնվի»:

Ա. Ջանջուղազյանը կոչ արեց վատատեսորեն չտրամադրվել: Նա չպատասխանեց թե արդոք տնտեսությունը սպառել են մինչև վերջ ու ռիսկերն այնքան մեծ են, որ չի կարելի այլևս մտածել ապագայի մասին՝ նշելով, թե այդ հարցերի պատասխանները դեռ առիթ կունենան լսելու.

«Կարծում եմ՝ ոչ, չենք սպառել: Բայց սա ասելով՝ չի նշանակում, որ չկան ռիսկեր: Բայց այդ ռիսկերի մեծ մասը արտաքին գործոններով է պայմանավորված»:

Տեսանյութեր

Լրահոս