Բաժիններ՝

Արդեմ Պատապուտյան. շոշափելիքի զգացողության մոլեկուլային հիմունքների բացահայտող հայազգի գիտնականը

Ասում են, որ մեր ազգը կրթություն, գիտություն սիրող ազգ է: Չնայած եկեղեցաշինության բումը և մեր գիտության չֆինանսավորված՝ կիսամեռած վիճակը հակառակի մասին են փաստում, բայց որոշել եմ շաբաթը մեկ ներկայացնել այն հայ գիտնականներին, որոնք համաշխարհային մակարդակի հետազոտությունների ամենաառաջին գծում են, որոնք իրենց ոլորտներում մեծագույն հեղինակություններ են, բայց որոնց մասին Հայաստանում գրեթե բան չգիտեն: Ինքներդ կդատեք` որքան ենք կրթություն ու գիտություն սիրում:

Սկսենք Արդեմ Պատապուտյանից (Ardem Patapoutian):

ԱՐԴԵՄ ՊԱՏԱՊՈՒՏՅԱՆ. Նեյրոկենսաբան, Սկրիպսի հետազոտական ինստիտուտ, ԱՄՆ

ardem patapoutian (3)

Կարդացեք նաև

Շոշափելիքի զգայարանը մարդու հինգ զգայարաններից մեկն է, որի միջոցով զգում ենք բնության մեջ գոյություն ունեցող թե ֆիզիկական (ջերմաստիճան, մեխանիկական), թե քիմիական (նյութեր, որոնք առաջացնում են ցավ, քոր և այլն) գրգիռներ: Շոշափելիքի զգայությունը ձևավորվում է շնորհիվ զգայական նեյրոնների, որոնք, սփռված լինելով օրգանիզմի արտաքին և ներքին մակերեսի վրա, գրգիռը հաղորդում են ուղեղ: Զգայական նեյրոնները կարողանում են տարբերակել վնասակար՝ ցավ, բորբոքում առաջացնող գրգիռներն անվնասներից:

ardem patapoutian (4)Չնայած շոշափելիքի զգայարանի գոյության մասին մենք գիտենք շատ շուտվանից, սակայն մեխանիզմը և մոլեկուլները, որոնք առաջացնում և ձևավորում են այդ զգացողությունը, երկար ժամանակ մնում էին անհայտ: Պատապուտյանը զգայական նեյրոնների վրա բացահայտեց հատուկ կառուցվածքներ՝ իոնային անցուղիներ, որոնք ակտիվանում են արտաքին ջերմաստիճանի տատանումներից: Այսինքն, ջերմաչափ են, մեր օրգանիզմի մոլեկուլային ջերմաչափերը: Հետաքրքիր է, որ իր հայտնաբերած իոնային անցուղիների մի մասը գործում են նաև որպես քեմոսենսորներ և մասնակցում են ցավի և բորբոքային գործընթացների զգացմանը: Պատապուտյանի լաբորատորիայի կողմից մշակվել է TRPA1 անվամբ փոքր մոլեկուլ, որ ճնշում է այդ անցուղիների գործունեությունը և ունի բժշկական նշանակություն: Այս պահին այդ մոլեկուլը գտնվում է կլինիկական փորձարկումների մեջ:

Սրանով պատմությունը չի ավարտվում: Երկար ժամանակ անհայտ էին նաև մեխանիկական բնույթի գրգիռներով առաջացող շոշափելիքի զգացողության ձևավորման մեխանիզմները: Միայն վերջերս, կրկին Պատապուտյանի կողմից, բացահայտվեցին երկու տեսակի իոնային անցուղիներ՝ Piezo1 և Piezo2, որոնք ակտիվանում են մեխանիկական գրգիռների առկայությամբ: Այս պահին Պատապուտյանի լաբորատորիայում հետազոտում են Piezo1-ի և Piezo2-ի կառուցվածքը և դրանց դերը ֆիզիոլոգիական տարբեր վիճակներում:

????????????????????????????????????

Այսպիսով, Պատապուտյանն այն գիտնականն է, ով բացահայտել է շոշափելիքի զգացողության մոլեկուլային հիմունքները: Բացի ֆունդամենտալ նշանակությունից, իր հետազոտությունների շնորհիվ հնարավոր կլինի բուժել մի շարք խանգարումներ, օրինակ, քրոնիկ ցավի հետ կապված հիվանդությունները:

(l-r) Sanjeev Ranade, Seung Woo, Ardem Patapoutin Nature paper April 10, 2014

Արդեմ Պատապուտյանը միակ հայ գիտնականն է, ով Howard Hughes Medical Institute-ի իրական անդամ է, մի կառույց, որի անդամ են նոբելյան մրցանակակիրների մեծ մասը:

Հ.Գ. Արդեմ Պատապուտյանը հաջորդ տարի մայիսին դասախոսությամբ հանդես կգա Հայաստանում:

Շարքը նախաձեռնել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս