Դպրոցի տնօրենը «կոտորած» է սկսել. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Արարատի մարզի Նոր կյանք համայնքի միջնակարգ դպրոցում իրավիճակը լարված է արդեն մեկ տարի: Նորընտիր տնօրենն իր մուտքը դպրոց նշանավորել է կադրային ջարդով ու նոր ջարդի մասին սպառնալիքներ տեղալով:

Երեկ մեզ հետ զրույցում դպրոցի կոլեկտիվի նախկին ու ներկա անդամները պատմում էին, որ ընդամենը 30-ամյա տնօրեն Արամ Ստեփանյանը մանկավարժության հետ բացարձակապես կապ չունի, իրավագետի մասնագիտություն է ստացել Արտաշատի համալսարանում, որն այսօր գոյություն չունի: Պաշտոնավարման 1 տարվա ընթացքում նա արդեն իսկ աշխատանքից ազատել է 4 աշխատակցի եւ խոստանում է հեռացնել նաեւ 37 հոգանոց մանկավարժական կոլեկտիվի 90 տոկոսին, վիրավորում է, հայհոյում ուսուցիչներին ու նույնիսկ՝ աշակերտներին, իրեն անպարտելի ու անպատժելի է համարում եւ հայտարարում, որ ունի հզոր «մեջք»՝ ի դեմս վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի, վախեցնում է իրավապահ համակարգում աշխատող իր հարազատներով: Այս ամենից զատ՝ նրա մայրն էլ աշխատում է մարզպետարանի կրթության վարչությունում: Մի խոսքով, Ստեփանյանը կարծես այն համոզմանն է, որ իր թուրը աջ էլ է կտրում, ձախ էլ: Բայց կոլեկտիվը մի մարդու պես ոտքի է ելել եւ մտադիր է պաշտպանել իր իրավունքները՝ երիտասարդին ցույց տալով, որ սխալվել է հաշվարկների մեջ: Նրանք մի քանի անգամ եղել են մարզպետարանում, նաեւ գրավոր դիմում են ուղղել թե՛ մարզպետարան, թե՛ ԿԳՆ, երեկ էլ այցելել էին մայրաքաղաք՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Լիլիկ Մուրադյանը, ով նույնպես ազատվել է աշխատանքից, մեզ հետ զրույցում ասաց. «Ես հարցնում եմ՝ ինչո՞ւ եք ինձ ազատում, ո՞րն է խնդիրը: Եթե ես վատ եմ աշխատում, ասեք իմ թերությունները: Ասում է՝ ոչ, դուք շատ լավ մարդ եք, ուսումնական գծով ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել, բայց քանի որ դու ինձ հետ չես, այսինքն՝ դու չես գրում ուսուցիչների վերաբերյալ, որ նրանք վատ են աշխատում, արձանագրություններ չես կազմում, որ ես իրենց հեռացնեմ, ուրեմն ինձ հետ չես աշխատելու»: «Ասել է՝ սպասեք Ապրիլի 24-ը անցնի, եղեռն եմ անելու: Ու արեց: Ասում է՝ 90 տոկոսը չեն աշխատում: Ինքը չի ուսումնասիրել, ինքը դաս չի լսել, ինքը չի տեսել՝ ուսուցիչը երբ է գալիս, երբ է գնում, ոչ մի անգամ չի լսել ուսուցչի բողոքը՝ ինչի կարիք ունի դպրոցում: Բացարձակ: Ո՛չ ուսումնական պլանն է հաստատել, ո՛չ աշխատանքային պլանն է հաստատել: Մանկխորհ ընդհանրապես չի արել: Ասում է՝ ես կբերեմ իմ թիմը, մենք կաշխատենք շատ լավ: Ու իր հետ, առաջին իսկ օրը, որ մտավ, բերել է 4-5 աշխատող, նստած են առ այսօր, մենք չգիտենք՝ ինչ են աշխատում նրանք»,- շարունակեց Լիլիկ Մուրադյանը:

Մանրամասները կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս