«Գազպրոմը» հունիսի սկզբին Փարիզում կներկայացնի «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Թուրքական հոսք» նոր գազատարի նախագիծը ներկայացնելու է Գազային համաշխարհային կոնգրեսի շրջանակներում, որը Փարիզում անցկացվելու է ընթացիկ տարվա հունիսի 1-5-ին: Այս մասին նշված է «Գազպրոմի» տարածած հայտարարությունում:
Դրանում նշված է, որ ֆորումի հյուրերը «Թուրքական հոսք» նախագծի տաղավարում կարող են մանրակրկիտ տեղեկատվություն ստանալ նախագծի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար նրա նշանակության մասին:
Ռուսական «Գազպրոմը» և թուրքական «Բոթաշ» պետական ընկերությունը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրել են Ռուսաստանից Սև ծովի հատակով դեպի Թուրքիա գազատար կառուցելու փոխըմբռնման հուշագիր: «Թուրքական հոսք» անվանումը ստացած այդ գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 63 միլիարդ խորանարդ մետր:
Այն բաղկացած է լինելու չորս ճյուղից, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 15.75 միլիարդ խորանարդ մետր: Առաջին ճյուղն ամբողջովին նախատեսված է թուրքական շուկա ուղղելու (Թուրքիայի ներքին սպառման) համար: