Արամ Հարությունյանը սրտնեղեց իր ունեցվածքի մասին հարցադրումներից
ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն (Բուլկի) անցած մեկ տարում իր դրամական միջոցները 796 հազար դոլարից ավելացրել է մինչև 913 հազար դոլարի: Այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե անցած տնտեսական ճգնաժամային տարում ինչպե՞ս է դա նրան հաջողվել:
«Փոխառություն, ուղղակի բանկի փոխառություն է: Իմ միջոցները բանկում ավանդ են եղել և գումարն ավելացել է: Այդքան բան»,- անհանգստացած պատասխանեց Ա.Հարությունյանը:
Հարցը, թե ինչպե՞ս է կարողացել երկար տարիներ պետական պաշտոններ զբաղեցնող անձը 913 հազար դոլար կուտակել, Ա.Հարությունյանին վրդովվեցրեց. «Ես բիզնեսից եմ տեղափոխվել պետական պաշտոնի: Երբ որ հաշվետվությունները կվերցնեք, կնայեք, կգնաք կհասնեք 2000, 1999, 1998, 1995-94 թիվ ու կտեսնեք, թե ես ինչպիսի գործունեություն եմ ծավալել այդ տարիներին: Էդտեղից եկել է»:
Դիտարկմանը, որ փաստորեն հաջողակ գործարար է, Ա.Հարությունյանը չհամաձայնեց. «Չէ, եթե հաջողակ լինեի, ավելի շատ եկամուտներ կունենայի: Նորմալ աշխատել եմ, որևէ անհանգիստ վարքագիծ չեմ դրսևորել բիզնես ոլորտում, որովհետև բիզնեսում անհանգիստ վարքագիծ դրսևորելը լավ բան չի: Հետո որոշեցի, որ էլ բիզնեսով չզբաղվեմ»:
168.am-ի հարցին, որ Հարությունյանը սկզբում նախարար էր, հետո մարզպետ, հիմա էլ ջրպետկոմի ղեկավար, ստացվում է՝ կառավարությունը դժգո՞հ է իր աշխատանքից, նկատո՞ւմ է պաշտոնի իջեցում, Ա.Հարությունյանը սրտնեղեց. «Շատ վատ եմ ընդունում, երբ ինձ այդպիսի հարցեր եք տալիս, որովհետև երբ ես գնացի Կոտայքի մարզպետ, ասացի` ես այս պաշտոնը ստանձնում են պատասխանատվությամբ և նվիրումով: Անհնար է, եթե պետական պաշտոնյան կամ անձը մի աշխատանք պատասխանատվությամբ չստանձնի, որևէ արդյունքի հասնի: Չեմ հավատում: Ես չունեմ որևիցե ամբիցիա: Ինձ վստահվել է այս ոլորտը, այս ոլորտը ես ղեկավարում եմ ամենայն պատասխանատվությամբ և նվիրումով»: