«Տարիներ առաջ 24%-ով վարկ եմ ստացել «Ակբա» բանկից ու մինչ օրս ցավում ա գլուխս». փոխնախարար
«Ես տարիներ առաջ 24%-ով վարկ եմ ստացել «Ակբա» բանկից ու մինչ օրս ցավում ա գլուխս»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
Ըստ նրա՝ այսօր պետությունը սուբսիդավորում է գյուղվարկերը և հիմա արդեն գյուղացու համար 8% է տոկոսադրույքը:
«Գլխացավի դեղ է պետք ունենալ»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե մթերումների հետ կապված ի՞նչ մոտեցում կա, քանի որ գյուղացին լուրջ խնդիրների առաջ է հայտնվել, արտադրողները չեն կարող մթերել:
«Վերամշակողներն իսկապես ունեցել են պրոբլեմ, որ և՛ պահածոների վեմշակման բլոկը, և՛ խաղողի հետ կապված կարող են խնդիրներ լինել»,- նշեց Ս.Գալստյանը: Նա տեղեկացրեց, որ հանդիպումներ են ունեցել արտադրողների և վերամշակողների հետ, 189-190 հազար տոննայի մթերում կիրականացվի, իսկ այս տարի բոլոր մարզերում կա խաղողի աննախադեպ բերք: Փոխնախարարի խոսքով՝ վերջին տարիներին 5 դրամով բարձրացվում էր մթերման գինը, այս տարվա համար բարձրացման հարցը դեռ պարզ չէ, բայց ամբողջ բերքը կմթերվի: