Գյումրեցի կանայք «խոպան են գնում» Թուրքիա
Asparez.am-ըգրում է. Ըստ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի կատարած հետազոտությունների, Գյումրու բնակչության թիվն այս պահին 70 հազար է: Այս հետազոտության արդյունքները վկայում են` Գյումրու բնակչության թիվը նվազել է:
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Շիրակի մարզային գործակալության տնօրեն Անահիտ Մարգարյանի ներկայացրած տվյալների համաձայն, 2014 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ, 2015 թվականի նույն ժամանակահատվածում աճել է Շիրակի մարզից ելքերի թիվը.
-2015 թ. հունվար-մարտին Բավրայի անցակետում ելքերի թիվը եղել է 70 հազար 454 մարդ, իսկ Գյումրու օդանավակայանից` 3560, իսկ ահա 2014 թվականի նույն ժամանակահատվածում Բավրայի անցակետում ելքերի թիվը եղել է 33 հազար 390, իսկ Գյումրու օդանավակայանից` 3716:
Մուտքերի թիվը կտրուկ նվազել է: Ըստ ազգային վիճակագրական ծառայության Շիրակի մարզային գործակալության տվյալների, 2015 թ-ի հունվար-մարտ ամիսներին Բավրայի անցակետում մուտքերի թիվը հասել է 75 հազար վեց մարդու, իսկ Գյումրու օդանավակայանում` 2043 մարդու: Փաստենք, որ 2014 թվականի նույն ժամանակահատվածում Բավրայի անցակետում մուտքերը հասել են 92 հազար 192 մարդու, իսկ Գյումրու օդանավակայանում` 2901-ի:
Այս տվյալների համաձայն, 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ, 2015 թվականների նույն ժամանակահատվածում Բավրայի անցակետի սահմանային ելքերի թիվը ավելացել է 37 հազար 64-ով, իսկ Գյումրու օդանավակայանում` 146-ով: Ստացվում է, որ Գյումրուց եւ Շիրակի մարզի այլ համայնքներից ավելի շատ հեռանում, քան վերադառնում են: Վերջին տարիներին աճել է նաեւ մարզը լքող կանանց թիվը: Ըստ Գյումրի- Ստամբուլ ավտոբուսային երթուղին իրականացնող ընկերություններից մեկի տնօրենի, Թուրքիայի հանրապետություն գնացող կանանց թիվը աճել է.
-Մենք Թուրքիա գնացող ուղեւորի պակաս չունինք: Ամեն երեքշաբթի Ազնավուրի հրապարակից 56 հոգանոց ավտոբուս կերթա Ստամբուլ, մե դատարկ տեղըմ չի մնա: Հնարավոր չէ, որ մեր ավտոբուսը դատարկ գնա:
Սահմանային հատումների միակ պատճառը, ըստ քաղաքը լքողների, սոցիալական վատ վիճակն է: Սակայն, ըստ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Սամսոն Դավոյանի, 2015 թվականի հունվար-մարտ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճ է գրանցվել.
-Պետական բյուջեի մուտքը այդ ժամանակահատվածում հասել է 3,5 տոկոսի: Որ անընդհատ ժողովուրդը ասում է` վատ է, վատ է, իրականում այդպես չէ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: